Օրերս բոլորս տեսանք այն տեսանյութը, որտեղ Երևանի «Ոսկու աշխարհ» ոսկու շուկայի սեփականատեր, ՀՀԿ անդամ Վաղարշ Աբրահամյանը սարսափելի ագրեսիվ պահվածքով է հանդես գալիս իր շուկայի աշխատակիցների հանդեպ:
Մասնավորապես՝ Վաղարշը շուռ է տալիս ու սպառնում լուսամուտից դուրս շպրտել այն սեղանները, որոնց տերերը գնացել են կառավարության շենքի մոտ ցույցի:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Վաղարշ Աբրահամյանն ինքն էր կազմակերպում իր աշխատակիցների ցույցերը՝ կառավարության շենքի մոտ:
Araratnews-ը զրուցել է ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են եղելությունը:
Մեզ հետ զրուցող քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, պնդում էր, որ ոչ ոք Վաղարշից նման պահվածք չէր սպասում.
-Ինքը զուսպ է եղել միշտ էլ աշխատակիցների հետ, սակայն թե ինչ սև կատու էր անցել այդ օրը, դժվար չի գուշակել: Իրեն սեղմում են վերևներից, ինքն էլ պիտի էդպես պահեր իրեն:
Մեզ հետ զրուցող քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Վաղարշի որդու վրա կա քրեական գործ, և իշխանությունները նրան այդ գործով են վախեցնում:
Araratnews-ի լրագրողը Datalex պաշտոնական կայքից փորձեց գտնել Աբրահամյանի որդու՝ Արտյոմ Աբրահամյանի քրեական անցյալի մասին պատմող փասթաթուղթը:
Մասնավորապես դատարանի վճռում ասվում է.
Ամբաստանյալ Արտյոմ Վաղարշակի Աբրահամյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և դատապարտել. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժին գումարելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից` ազատազրկում 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից` ազատազրկում 6 /վեց/ ամիս ժամկետով, ամբաստանյալ Արտյոմ Վաղարշակի Աբրահամյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 /վեց/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2010թ. մարտի 16-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված, տուժողներ Պ. Խաչատրյանի անդրավարտիքը և Ա. Բաղյանի հագուստները վերադարձնել նրանց, իսկ գնդակը և երկու պարկուճները` ոչնչացնել։
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սակայն 2010թ. 6 տարվա ազատազրկման դատապարտված Արտյոմ Աբրահամյանը 2011թ-ից գտնվում է ազատության մեջ:
Արմեն Մկրտչյան