Կենտրոնական բանկը փոքր չափերով, սակայն արագ տեմպերով նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ վերջին նիստում այն նվազեցնելով 0.25 % և սահմանելով 8,25%: Հիշեցնենք, որ վերջին անգամ այն փոփոխվել էր այս տարվա փետրվարի 16-ին, նվազելով ևս 0,25%-ով, կազմելով 8,5%: Իսկ մինչ այդ, 2015 թ.-ի դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ-ը իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,75 %: Այսինքն, մոտ 3 ամսվա ընթացքում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է 1,5%-ով:
ԿԲ-ը վերջին քայլը հիմնավորում է ցածր գնաճի իրողությամբ, իսկ փետրվար ամսվա համար նույնիսկ գնանկման փաստով: Իսկ դա, իր հերթին պայմանավորված է ներմուծված պարենային ապրանքների գների նվազման իրողությամբ՝ միջազգային շուկաներում տիրապետում են գնանկումային միտումները, որը որոշակի ժամանակահատված դեռևս կպահպանվի: Բացի այդ, ԿԲ-ի Խորհուրդը ֆիքսում է, որ առկա է նախատեսվածից ավել՝ 4,7% տնտեսական աճ, միաժամանակ ներքին պահանջարկը դեռեւս պահպանվում է ցածր մակարդակում և ըստ այդմ նպատակահարմար է շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը:
Անշուշտ այս քաղաքականությունը ճիշտ է, բոլոր գործընթացները խոսում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման օգտին, սակայն գլխավոր հարցը այստեղ այն է, թե որքա˚ն պետք է այն նվազի և ո˚ր մակարդակն է ամենաօպտիմալը:
Ինչու˚ է Կենտրոնական բանկն այսքան զգուշավոր պահում իրեն և այդ 0,25% նվազեցումը արդյոք կաշխուժացնի մեր տնտեսությունը: ԿԲ-ի պաշտոնական հաղորդագրության ենթատեքստից կարելի է հասկանալ, որ հենց նախավերջին 0,25%-ով իջեցումն էլ սպասվածից ավել խթանել տնտեսական աճը:
Եվ ընդհանրապես, արդյո˚ք արդեն գործող 8,25%-ը դեռևս բարձր չէ և դա կբերի բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների նվազեցմանը և հետևաբար տնտեսության աշխուժացմանը: Անշուշտ, դա շատ բարձր է և զգալի իջեցման տեղ ունի, և դա այնքան էլ շատ չի խթանի տնտեսական ակտիվության աճին և տնտեսության վարկավորմանը: Հավանաբար, ԿԲ-ն ավելի շուտ մտահոգված է դրամի փոխարժեքի պահպանման խնդրով, քանի որ տոկոսադրույքի կտրուկ տեմպերով իջեցումը խթան կհանդիսանա դրամի արժեզրկման համար, որն այնքան էլ չի խրախուսվում ԿԲ-ի կողմից, հենց դրանով կարելի բացատրել այդքան զգուշավոր վարքագիծը: