Մարտակերտում տեսանք անօդաչու թռչող սարքի պատճառած վնասները, որոնք վերականգնվում են. araratnews.am-ին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով օրեր առաջ է վերադարձել առաջնագծից:
«Այն, որ զորամասերը կարող են ավելի լավ վիճակում լինել, դրանում այլ տեսակետ չունեմ: Կարծում եմ, որ հնարավոր է այդպիսի պայմաններ ապահովել, իսկ ինչ վերաբերում է դիրքերում ռազմական ենթակառուցվածքներին, ապա կարող եմ մի բան ասել՝ տղաների կողմից դժգոհություններ չէին հայտնվում: Իհարկե, կարող էին պայմանները լինել լավագույնը, բայց չմոռանանք, որ առաջնագիծ է: Ադրբեջանական կողմը փորձում է կաֆել-մետլախով եվրոռեմոնտներ անել. ռազմական գործի մասնագետները կարող են ասել, թե դա որքանով է արդարացված եւ իմաստ ունի՞ արդյոք»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ անդրադառնալով զինվորների կենսակերպի հետ կապված վերջին շրջանում առավել հաճախ հնչող քննադատություններին՝ ուղղված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Ըստ Սաֆարյանի՝ դիրքերում առկա կոկիկությունը զինվորների եւ նրանց հրամանատարների աշխատանքն է. «Մենք տեսել ենք, որ տղաները տարածքը մաքուր են պահում, այդ առումով խնդիրներ չկան, եւ առկա կոկիկությունը, թերեւս, նրանց աշխատանքն է` հրամանատարների հետ միասին»:
Անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պահպանելուն, Սաֆարյանն ասաց՝ չպետք է մոռանալ Ադրբեջանն իր ռազմավարությունից չի հրաժարվել՝ «անկախ նրանից, թե իրեն քանի օր կարգին կպահի»:
«Հունիսյան հանդիպմանն ընդառաջ, երբ Վիեննայի հանդիպումից հետո, Ադրբեջանի կողմից փորձ արվեց ետ կանգնել պայմանավորվածություններից, տեղի ունեցավ ԱՄՆ- պետքարտուղարի կողմից զանգ, հավանաբար հասկացան՝ ամեն ինչ ավելի լուրջ է, քան իրենք (նկատի ունի՝ Ադրբեջանը-հեղ.) պատկերացնում են, ուստի փորձում են կառուցողական կողմի տպավորություն ստեղծել, որի ապացույցն են վերջին օրերին իրենց հայտարարությունները՝ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ընդգծեց քաղաքագետը:
Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ կա եւս մեկ գործոն, որի պատճառով հակառակորդը զսպվածություն է ցուցաբերում:
«Ադրբեջանում հետևում են Հայաստանում կորցրած դիրքերի շուրջ զրույցներին, եւ գուցե գիտակցում, որ հրադադարի ռեժիմի խախտումով առիթ կտան հայկական կողմին ետ վերադարձնել կորցրած դիրքերը»,- հավելեց նա: