Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս օրերի սննդային թունավորումներին, ներկայացրեց թունավորումները կանխարգելելու առաջին անհրաժեշտ պայմանները:
«Ինչպե՞ս պետք է պատրաստենք մեր սնունդը, որ այն լինի թարմ և առողջությանը խնդիր չպատճառի: Ամենակարևորը մաքրության հնարավորինս ապահովումն է խոհանոցում, խոհանոցային պարագաների, մեր ձեռքերի: Պետք է յուրաքանչյուր սննդամթերք օգտագործելուց հետո լվանանք մեր ձեռքերը: Անհրաժեշտ է հում և եփած սննդամթերքը իրարից հեռու պահել, որ հումը չաղտոտի եփածը, դանակը պետք է հաճախ լվանալ: Մյուս կարևոր խնդիրն այն է, թե ինչպես ենք ջեմային մշակման ենթարկում պատրաստվող սնունդը: Պետք է լավ եփել, որ մանրէները ոչնչանան: Անպայման սննդամթերքը պատրաստել ու մատուցել թարմ վիճակում, այսինքն՝ սեղանին դնելուց անմիջապես առաջ»,- նշեց նա: