Ամանորի օրերին սննդային թունավորումներից խուսափելուց խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: «Որպեսզի մեր տոները չփչանան, Առողջապահության նախարարության կողմից ուզում եմ մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդներ տալ: Նոր տարին մենք միշտ նշում ենք շատ ճոխ ու ճարպոտ ճաշատեսակներով: Պետք է անպայման ժամկետի մեջ լինեն բոլոր մթերքները»:
Անվտանգ բայց և խառը սնունդը կարող է ևս սննդային թունավորման հանգեցնել՝ հայտնեց Նունե Բակունցը: «Սննդի թունավորման հետ ամեն ինչն էլ կապ ունի: Մթերքները պետք է լինեն ժամկետի մեջ, չփչացած: Մաքուր լվանալ բոլոր բանջարեղենն ու միսը պատրաստելուց առաջ: Ամեն մի մթերք պատրաստելուց կտրատել առանձին դանակով: Միանգամից մի քանի տեսակ ճաշատեսակներ պատրաստելուց խառը մթերքներ կտրատելուց, նույն գդալով խառնելը անվտանգ չէ»:
«Պատրաստումից հետո կարևոր գործոն է պահպանումը»,- հայտարարեց Նունե Բակունցը: «Թե հում, և թե պատրաստի սննդամթերքը պետք է պահել իրենց համապատասխան ջերմաստիճանային պայմաններում: Մենք պետք է հստակ իմանանք, որ պատրաստի սննդամթերքը ևս ունի պահպանման ժամկետ: Ամենախոցելին աղցաններն են, որոնք ունեն 16 ժամ պահպանման ժամկետ, այն էլ սառնարանում: Պետք է պատրաստենք այնքան, որքան որ ուտում ենք: Մանավանդ, դա վերաբերում է աղցաններին: Կրեմային խմորեղենը ևս վտանգավոր է երկար պահպանել, որովհետև կրեմները շատ շուտ փչանալու հակում ունեն: Միշտ վերահսկել է պետք միս-մսամթերքը, կաթ-կաթնամթերքը, և կրեմային խմորեղենները»:
Ըստ Նունե Բակունցի՝ տոնական օրերին միշտ խնդիրներ են լինում կապված նաև ալկոհոլի հետ: «Անցած տարվա ժամանակ չարաշահումներ են եղել կապված ալկոհոլային խմիչքների հետ: Պետք չէ խառնել միաժամանակ մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներ: Գնելուց էլ անպայման ուշադրություն դարձրեք խմիչքի վրայի պիտակավորմանը՝ ակցիզավորմանը: Առանց համապատասխան ակցիզավորման խմիչք գնելը կարող է հանգեցնել թունավորման»: