տուն Քաղաքական Վերլուծական Ինչպես է փոխվել պետական պարտքը վերջին մեկ տարում

Ինչպես է փոխվել պետական պարտքը վերջին մեկ տարում

153
0

1b_5c

Հայաստանի պետական պարտքը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 80 մլն դոլարով։ Եթե անցած տարվա հունիսի 1-ի դրությամբ այն 4 մլրդ 550 մլն դոլար էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 4 մլրդ 630 մլն դոլար։
Գրեթե նույնպիսին է եղել նաեւ արտաքին պարտքի աճը։ Արտաքին աղբյուրներից ներգրավված ֆինանսական միջոցների հանրագումարը հասնում է 3 մլրդ 947 մլն դոլարի։ Մեկ տարի առաջվա համեմատ այն ավելացել է 81 միլիոնով։

Այս ցուցանիշները վկայում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ արտաքին պարտքը դանդաղ աճի միտումներ են ունեցել։ Կառավարությունը զգուշավոր մոտեցում է ցուցաբերել պարտքի բեռը մեծացնելու հարցում։

Թերեւս պատահական չէ, որ անցած տարի նույնիսկ մարումը գերազանցեց ստացումը։ Ըստ այդմ, արտաքին պարտքը 2014թ. կրճատվեց 147 մլն դոլարով։ Այդ երեւույթը պահպանվեց նաեւ այս տարվա սկզբին։

Սակայն արտաքին այլ աղբյուրներից ստացվող ֆինանսական հոսքերի կրճատման հետեւանքով, խոսքը մասնավորապես տրանսֆերտների մասին է, տնտեսական գործընթացներն ակտիվացնելու համար անհրաժեշտություն առաջացավ ներգրավել հավելյալ դրամական միջոցներ։ Մի բան, ինչը հանգեցրեց արտաքին պարտքի որոշակի համալրմանը։

Չնայած հազիվ թե կարելի է կարծել, որ մեկ տարվա ընթաքում 81 մլն դոլարի ավելացումը պարտքի մեծ աճ է։ Առավել եւս, արտաքին գործոնների ազդեցության հետեւանքով տնտեսության համար ստեղծված օբյեկտիվ դժվարությունների պայմաններում։

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին փուլում, մասնավորապես 2009թ. ի հայտ եկած խնդիրները լուծելու համար, Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը ստիպված եղավ ներգրավել շուրջ 1,5 մլրդ դոլար։ Սակայն անգամ դա տնտեսությանը չփրկեց կոլապսից։ Անգամ այդ պայմաններում արձանագրեց չափազանց բարձր անկում։

Թեեւ այս տարի առկա են գրեթե նույն գործոնները, ինչն այն ժամանակ, այնուհանդերձ գոնե տարեսկզբի մի քանի ամիսների տվյալներով, Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է ավելանալ։ Ինչպես վկայում են ներկայացված ցուցանիշները, էական փոփոխություն չի կրել նաեւ երկրի արտաքին պարտքը։
Նախորդ տարիներին ձեւավորված պարտավորությունների ագրեսիվ աճի հետեւանքով, պետական պարտքի կառավարման առումով այսօր կառավարությունը ստիպված է որոշակի զգուշավորություն ցուցաբերել։ Պատահական չէր, որ արտարժութային պարտատոմսերի երկրորդ խմբաքանակի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցների մի մասն ուղղվեց արտաքին պարտավորությունների վերակառուցմանը։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ