տուն Լուրեր Ինչպես է նշում Ամանորն ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

Ինչպես է նշում Ամանորն ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

500
0

ագուլեցի

Ամանորը տարբերվող է այն  մարդկանց բնակարաններում, ովքեր հրաշալի գիտեն հայկական  ամանորյա ավանդույթները: Այդ մարդկանց բնակարաններում գրեթե բացակայում է համաշխարհային նորաձևությունը և տիրում է հայկական, ավանդական շունչը: Նրանցից մեկն էլ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին է, ով հատուկ է պատրաստվում Ամանորին՝ պարտադիր պահպանելով բոլոր ավանդույթները. «Մինչև Ամանոր, նախ ցորենից շատ գեղեցիկ կենաց ծառեր եմ պատրաստում, որոնք զարդարում ենք մեր տան անդամների ձեռքի աշխատանքներով: Ծառերից մեկը հատուկ Ամանորի համար է լինում, իսկ մյուսը, որը խաչի տեսք է ունենում՝ Սուրբ Զատկի համար»:

Ինչ վերաբերում է ուտեստներին՝ տիկին Ագուլեցին պատրաստում է այն, ինչ տան անդամներն են ցանկանում, իսկ խմորեղենը պատրաստում է տիեզերական մարմինների տեսքով.«Ես դրանք տիեզերական գաղափարախոսությունով եմ պատրաստում՝ եռանկյուն են լինում, քառակուսի, արևի ձևով, լուսնաձև. խմորեղենն ունեցել է իր խորհուրդը»:

Լուսիկ Ագուլեցին հրաշալի հիշում է նաև իր մանկության ամանորները, երբ նվերները տատիկն էր պատրաստում՝ անպայման լիքը չիր ու չամիչով. «Հիշում եմ, որ սկուտեղները լիքը լցնում էին ծիրանի չրով, չարազով և ուրիշ քաղցրավենիքներով ու երբ երեխաները գալիս էին մեր տան երթիկից պարկեր էին իջեցնում՝ տատիկս այդ պարկերը լիքը չարազով, չամիչով էր լցնում: Շատ լավ եմ հիշում նաև այն ուտեստները, որ այն ժամանակ էինք պատրաստում՝ ծիրանով և սոխով ճաշը, ռշտան: Ինձ համար ամենակարևորը աշխատանքի ընթացքն էր, որ բոլորն աշխատում էին:

Մեզ համար նվերներ հիմնականում տատիկն էր պատրաստում: Ինքը կար անող էր: Այդ կտորները, որ ավելանում էին՝ մեզ համար գեղեցիկ տիկնիկներ էր պատրաստում, կոճակից էլ էր պատրաստում: Գեղեցիկ պարկեր էր կարում՝ պատի վրա կախելու համար, դրանց մեջ կարող էիր քեզ համար անհրաժեշտ իրեր դնել: Ես մինչև հիմա օգտագործում եմ այդ պարկերից, այնտեղ իմ վրձիններն եմ դնում, մատիտները, հեռախոսի համարները: Դրանք են իմ մանկության հիշողություններից մնացել»:

Հիմա ազգագրագետի համար նվերներ հարսն է պատրաստում.«Մեր տան Ձմեռ պապը հարսս է. տան բոլոր անդամների համար նվերներ է գնում ու բարձներիս տակ դնում: Ինքն ինձ ամեն ինչ նվիրում է՝ հագուստ, հետաքրքիր գրիչներ, տետրեր. Դե՝ ես միշտ գրում եմ: Իսկ ես հիմնականում գումար եմ տալիս, որ իրենց ցանկացած նվերները գնեն, կամ իմ յուղաներկով աշխատանքներն եմ նվիրում, գրքեր: Կարծում եմ դրանք ամենալավ նվերներն են»: