«Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին և հիմա փոփոխությունների է ենթարկվել, ու դրանցից մենք տեղյակ չենք, մենք դեմ ենք եղել: Այս պահին չենք պատրաստվում միանալ, մեր գործընկերները ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել այդ ճանապարհային քարտեզով, մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»,- այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին ասաց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին պայքար է սկսում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, մյուս երկու կուսակցությունները՝ ԼՀ-ն ու «Հանրապետությունը», դեմ են ներկայացված ճանապարհային քարտեզին: Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք Սերժ Սարգսյանի կառավարման և ընդհանրապես ՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծման օրից:
«Ամեն մարդ, ով անդամակցում է «Ելքի» կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ, ամեն մի անդամակցողը մեկն է, ով չի քվեարկելու ՀՀԿ-ին»,- հավելեց նա:
Դիտարկմանը, թե այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում իշխանափոխություն չի լինի, Գորգիսյանն արձագանքեց, թե դա կախված է նաև լրատվամիջոցների աշխատանքից, ընդդիմադիրների գործունեության լուսաբանումից: Հարցին, թե որն է եղել երեք կուսակցությունների առաջ քաշած գլոբալ խնդիրների միջև տարբերությունը, Գորգիսյանն ասաց, որ չի կարող մանրամասնել, սակայն հավելեց. «Գլոբալ մոտեցումների տարբերությունը, որ կա, մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոնալ գործունեություն ծավալել, մերը մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաև «Հանրապետություն» կուսակցությունը»:
Հարցին, թե հնարավոր է, որ այս երկու կուսակցությունները որոշեն միասի՞ն առաջադրել վարչապետի թեկնածու՝ համապատասխան ծրագրով, պատգամավորն արձագանքեց. «Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ «Ելքի» ծրագրերն են եղել սա ի սկզբանե, հիմա քանի դեռ կա առանձին «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել, զուգահեռաբար հիմա չենք ծավալի, վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, և չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: