Հրեական կենտրոնը հրապարակել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանեկան պատմությունը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է բազմաթիվ հրեաների կյանքեր:
«Մեծ շանսոնիեի ընտանիքը տասնյակ հրեաների է փրկել` հետապնդումներից թաքցնելով նրանց իրենց տանը: Փախուստի դիմածները նրանց տուն էին գալիս զինվորական համազգեստով և դուրս գալիս քաղաքացիական հագուստով, որից հետո Ազնավուրն ազատվում էր այդ համազգեստներից»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ փրկված մարդկանց շանսոնիեն այլևս չի հանդիպել:
«Ազնավուրները փորձել են նաև օգնել Ֆրանսիական դիմադրության շարժման մեջ մտնող «Մանուշյանների խմբի» անդամներին: Այդ խմբում կային նաև լեհեր, իտալացիներ, ֆրանսիացիներ, հունգարացիներ, գերմանացիներ և լեհ-հրեաներ. գրեթե բոլորը հետագայում գերմանական հրամանատարության կողմից մահապատժի ենթարկվեցին»,- ասված է հայտարարության մեջ:
Հրեական կենտրոնը նաև գրում է, որ երկու շաբաթ առաջ Իսրայելում մեդալ ստանալուց հետո Ազնավուրն ասել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Հոլոքոստը կարող էր չլինել»: