Երևանում անցկացվեց «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են բժշկագիտության աշխարհահռչակ մասնագետներ: Հայկական բժշկության մեջ գիտաժողովի կարևորության մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան, համաժողովի գիտքարտուղար Գևորգ Թամամյանը.«Քաղցկեղը և ընդհանարապես արյունաբանության ոլորտները զարգացող են և կոնֆերանսի կարևորությունն այն էր, որ քաղցկեղի առաջատար կենտրոնների ամենահայտնի մասնագետներից մենք միշտ սովորելու բան ունենք: Այս օրերին մեր մասնագետները հնարավոորւթյուն ունեցան ծանոթանալու առաջատար մասնագետների հետ, որոնք մեծ ներդրում ունեն ոլորտի զարգացման մեջ: Նաև «Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան» ստորագրեց հուշագիր, «Էմ Դի Անդերսոն» կենտրոնի հետ, համաձայն որի՝ հայ երիտասարդ մասնագետներն անընդհատ այնտեղ կկարողանան վերապատրաստումներ անցնել»:
Միջազգային գիտաժողովի ժամանակ հրավիրված մասնագետները նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանում ոլորտի խնդիրներին, որոնց ասուլիսի ժամանակ անդրադարձավ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ /ԱՄՆ/, ԱՄՆ Թորակալ վիրաբուժության մասնագիտական հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանը.«Հայաստանին օգնելու համար ես պետք է տեղի իրավիճակին ծանոթ լինեի, իմանայի խնդիրները: Ես ուսումնասիրեցի քաղցկեղի այն տեսակները, որոնց ես եմ տիրապետում և իմ կարծիքով թոքի քաղցկեղից մահացության բարձր ցուցանիշը ցույց է տալիս, որ քաղցկեղի տարածվածության առումով երկրների ցուցակում Հայաստանն առաջին հորիզոնականներում է: Դրա պատճառներից մեկը ծխելու բարձր մակարդակն է, նաև Հայաստանում հատուկ ծրագրեր չկան, որոնք կօգնեն մարդկանց՝ նվազեցնել ծխելը: Պետք է բարեփոխումներ անել՝ երիտասարդների համար չծխելու արգելքներ սահմանել, այնպես անել, որ մարդկանց համար դժվար լինի ծխախոտ գնելը և անմիջական օգնություն ցույց տալ, որ մարդիկ դադարեն ծխելը, դրա համար պետք է հոգեբանական և դեղորայքային օգնություն»: