ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում ելույթով հանդես եկավ: Առկա ստրատեգիական խնդիրներից խոսելուց հետո՝ անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին, վաչապետը հայտարարեց «Արցախը Հայաստանն է ու վերջ», ապա վանկարկեց՝ «մի-ա-ցում, մի-ա-ցում»:
ՀՀ վարչապետի այս հայտարարությունը կարո՞ղ է ազդել Արցախի բանակցային գործընթացին: Կամ ինչպե՞ս կընկալի արտաքին աշխարհը Փաշինյանի հայտարարությունը հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցեց ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը-ի հետ։
Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ներքին լսարանի համար է: «Այդ հայտարարությունը չի կարող էականորեն փոխել Արցախի բանակցային գործընթացը: Վարչապետի այս հայտարարությունը Ադրբեջանի նախագահը կներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ: Ի պատասխան Փաշինյանը կպնդի, որ այս ելույթը ներքին լսարանի համար էր, եւ ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»,- վերլուծում է փորձագետը:
Վերջին ամիսներին նախկին իշխանության ներկայացուցիչները Արցախի եւ Հայաստանի միջեւ սեպ էին խրում, փորձում պառակտել: Վարչապետի այս ելույթից հետո կշարունակվե՞ն այս փորձերը: «Այո: Կփորձեն բաժանել Հայաստանի ժողովրդին, իշխանությանը, բայց Փաշինյանի այս ելույթը, ժողովրդի մեծ բազմությունը վկայեց՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված Արցախի հողերը հանձնելու թեզը, որը մեկ տարի շրջանառում էին, Արցախի ժողովուրդը չի հավատում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Արմեն Վարդանյանի խոսքով՝ Փաշինյանի այս ելույթից հետո հակառակորդը՝ ի դեմս Ադրբեջանի, գուցե լարվածություն առաջացնի սահմանին: «Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը, տեսնելով, որ Հայաստանից զիջումներ չի կարողանում կորզել, գուցե սադրանքներ սկսի սահմանին, անգամ պատերազմ հրահրի: Երբեք սա չի կարելի անտեսել»,- չի բացառում վերլուծաբանը:
Ի՞նչ հետեւություն պետք է անի Արցախի իշխանությունը Փաշինյանի ելույթից: Հարցին ի պատասխան՝ Արմեն Վարդանյանն ասաց. «Արցախի իշխանությունը չպետք է հակադրվի ՀՀ իշխանությանը, պետք է ազատ, արդար ընտրություններ կազմակերպի, քաղհասարակությունը պետք է զարգանա: Ժողովրդավարացման ալիքը պետք է վարակիչ լինի նաև Արցախի համար»:
Արդյոք իրատեսական է Փաշինյանի խոստումները, որոնք պետք է կյանքի կոչվեն 2050 թ-ը: Արմեն Վարդանյանը կարծում է՝ մեծ մասն անիրական է թվում, բայց պատմության մեջ անիրական թվացող ծրագրեր կյանքի կոչվել են: Օրինակ՝ Իսրայելի ստեղծումը, պարզապես պետք է հստակ քայլեր եւ ծրագիր հրապարակեն երազանքներին հասնելու համար: Իսկ առայժմ դա միայն գեղեցիկ ցանկություն է:
ՀԳ.Ադրբեջանի իշխանություններն արդեն հիստերիա են բարձրացրել ՀՀ վարչապետի երեկվա ելույթից հետո: Նրանք հայտարարում են՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունն իրենց համար ընդունելի չէ, եւ դիմելու են ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Սոնա Դավթյան