Այսօր ամբողջ աշխարհում թատրոնի աշխատակիցներն ու թատերասերները նշում են թատրոնի միջազգային օրը: Այն նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր:
Ամբողջ աշխարհում թատրոնները տարբեր են՝ իրենց տեսակով, առանձնահատկություններով, առավելություններով, նաև՝ խնդիրներով: Հայկական թատրոնի խնդիրներին և դրանց հիմնական պատճառներին araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը.«Մենք հիմա միայն ֆինանսական խնդիրներ ունենք, որովհետև լավ երեխեք կան. լավ երիտասարդություն է մեծանում: Գաղափարների պակաս չունենք, բայց մեզ մոտ գումարի պակաս կա, որովհետև դերասանները շատ քիչ աշխատավարձ են ստանում: Երիտասարդն ավարտում է ինստիտուտը, որից հետո պետք է գնա թատրոն և ստանա 50-60 հազար դրամ և դա է պատճառը, որ երեխեքը սկսում են ուրիշ գործեր փնտրել»:
Ռեժիսորի կարծիքով՝ թատրոնը պետական մարտավարության հարց է.«Թատրոնը պետական կառույց է, որի մասին պետք է պետությունը հոգ տանի, ինչպես ներքին գործերի, անվտանգության: Թատրոնը կրթության նման պետք է. պետական մարտավարության հարց է: Առաջատար պետությունները, որ այդքան ուշադրություն են դարձնում, այդքան ներդրումներ են անում, հիմա՞ր են, չե՞ն հասկանում, թե ինչի համար են դա անում: Իկարկե, հասկանում են»:
Գրիգոր Խաչատրյանը նաև նշեց, որ մեզ մոտ միայն թատրոնում չէ, որ խնդիրներ կան.«Մենք հիմա թատրոնից ենք խոսում, բայց Հայաստանն այնքան մեծ խնդիրներ ունի: Այդ խնդիրները միայն թատրոնում չեն, այլ՝ կառավարությունում: Նայեք, թե մեր կառավարությունում, ԱԺ-ում ովքեր են նստած, իրենց ինչպե՞ս կարելի է բացատրել, որ թատրոնը կրթության, պաշտպանության նման մի բան է:
Թատրոնը երբեք չի կարող փող աշխատել, ինքը հազիվ կարողանում է հոգալ իր սոցիալական խնդիրները՝ ջրի, ջեռուցման, լույսի հետ կապված: Փող պետք է աշխատի պետությունը և ներդնի իր կրթության, գիտության, բանակի և արվեստի մեջ»:
Վերջում՝ ռեժիսոր, դերասան Գրիգոր Խաչատրյանը թատրոնում աշխատող մարդկանց ցանկացավ պատրաստակամություն և մեծ ուժ.«Ես, մաղթում եմ, որ պինդ լինեն, ֆիզիկապես և հոգեպես պատրաստված մարդիկ լինեն, որովհետև մեր ոլորտը ուժեղ մարդկանց ոլորտ է: Ուզում եմ, որ երիտասարդ դերասանները լավ սովորեն, շատ կարդան, ուսումնասիրեն, զբաղվեն ինքնակրթությամբ, որովհետև «թատրոնի մարդը» բանիմաց մարդն է»: