տուն Լուրեր Ինչպե՞ս է իշխող խմբակցության ընտրությունը կանգ առել Վիգեն Քոչարյանի թեկնածության վրա

Ինչպե՞ս է իշխող խմբակցության ընտրությունը կանգ առել Վիգեն Քոչարյանի թեկնածության վրա

128
0

Հայաստանի արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում թեկնածուին ներկայացրեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Քոչարյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Մակունցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է իշխանական խմբակցության ընտրությունը կանգ առել հենց Վիգեն Քոչարյանի թեկնածության վրա։

«Մեր կողմից ստեղծված պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խումբը պահանջներին համապատասխան առանձնացրել է այն ցանկը, որը, կարծում ենք, նպատակահարմար կարող է լինել առաջադրելու համար։ Հաշվի են առնվել նաև չափանիշները՝ արդյոք տվյալ թեկնածուն հակվա՞ծ է դատաիրավական բարեփոխումներին նպաստելուն։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ առանձնացրել ենք թեկնածուներին, որոնց հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դա է պատճառը, որ նրանք տեղյակ չեն լինում իրականում, որ մենք նկատի ենք ունեցել նրանց թեկնածությունը։ Չափազանց կարևոր է անաչառության սկզբունքը»,- ասաց Մակունցը։

Ի պատասխան դիտարկմանը՝ թե «Փաստորեն, այն փաստը, որ Վիգեն Քոչարյանը երեկ երեկոյան ժամը հինգին է իմացել, որ առաջադրվել է այդ պաշտոնում, դա ստրատեգիա՞ է և ոչ թե բացթողում», խմբակցության ղեկավարը դրական պատասխանեց:

Թեկնածու Վիգեն Քոչարյանն իր հերթին ելույթում ասաց, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել ԲԴԽ անդամի պաշտոնում և ստեղծված իրավիճակում՝ բարձր պատասխանատվություն։