Վաշխառուների հրերթական զոհ Նարինե Պետրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց իր հանդեպ իրականացրած խաբեությունը: «Տղայիս՝ Դավիթ Պետրոսյանին ներքաշել են որոշակի գործարքների մեջ, որից հետո տղաս մեր տունը ցանկացել է թաքուն դնել գրավի տակ: Տունը նախ նվիրատվություն են կատարել տղայիս՝ Դավիթ Պետրոսյանի անունով: Տան նվիրատվությանը ես տեղյակ չեմ եղել, իսկ փաստաթղթերում ներկայացված է եղել, իբր ես այդ ժամանակ գտնվել եմ Հունաստանում: Կեղծվել են բոլոր փաստաթղթերը՝ սկսած նոտարական գրասենյակից մինչև իմ՝ հանրապետությունից դուրս գտնվելու կեղծումը: Հետո ինչ-ինչ խնդիրներ են առաջացել գումար տալու ու վարկի հետ կապված, ու վաշխառուները, որոնցից մեկը Արթուր Հերոյանն էր, տղայիս համոզել են տան առքուվաճառք իրականացնել: Ի դեպ, շատ այսպիսի դատական գործեր կան նույն Արթուր Հերոյանի հետ կապված»:
Տան առքուվաճառքը իրականացվել է շատ արագ, ըստ Նարինե Պետրոսյանի: «Առքուվաճառքը տեղի է ունեցել անօրինական: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Տղայիս հետ կապնվել է ոմն Ազատ և առաջարկել գրավի տակ դնել տունը: Կեղծված բոլոր փաստաթղթերի համար վճարել է իմ որդին՝տան դիմաց ստացած գումարով, ու վճարել է ամեն մի փաստաթղթի համար 3 հազարից հինգ հազար դոլար: Տունը նախ դրել են գրավի տակ, ապա ինչ-որ խնդիրներ են առաջացել, ըստ այդ Ազատի ու իր մարդկանց՝ կատարել են առքուվաճառք»:
Նարինե Պետրոսյանի որդին չի ստացել ոչ մի գումար տան առքուվաճառքից: Նարինե Պետրոսյանի ասելով, իր տղային ներքաշել են որոշակի տղայական քաշքշուքների մեջ՝ սպառնալով, որ եթե գումար չտա իրենց, ապա վնաս կահսցնեն: «Վաշխառուների հետ կապվելով, տղաս գումար չի վերցրել: Իմ տունը գտնվում է 4-րդ գյուղում, երկու հարկանի առանձնատուն է և գնահատվել է 150 հազար ԱՄՆ դոլար: Տունը վաճառվել է 55 հազար դոլարով»:
Առաջին ատյանի դատարանում որոշվել էր տունը վերադարձնել իր սեփականատիրոջը՝ Նարինե Պետրոսյանին, սակայն, դա այդպես էլ մնացել էր փաստաթղթերի վրա: «Հիմա մեր տան գործը գտնվում է վերահսկիչ դատարանում: Իմ տղան և նրա հետ գործարքի մեջ գտնվող երկու հոգի գտնվում են 5 տարի պայմանական ազատազրկման մեջ: Ես վստահ չեմ, որ արդարադատությունը ի վերջո կիրականանա»: