Թե ինչպես են տոնում Ամանորն և Սուրբ Ծնունդը հայ քաղաքական գործիչները հետաքրքրում է բոլորին:
Araratnews.am-ը կներկայացնի իր փոքրիկ հարցումը քաղաքական գործիչների շրջանում, ովքեր նաև իրենց բարեմաղթանքներն են հղում մեր քաղաքացիներին:
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ասում է, որ շատ համեստ է նշում Նոր տարին:
«Ինչպես ամեն հայ ընտանիք, նույն կերպ մենք են դիմավորում: Ընդհանրապես համեստ ենք տոնում մեր ընտանիքով,-ասում է Կարապետյանը,-Միշտ ուզում եմ, որ մեր երկիրը հզորանա, խաղաղություն լինի մեր երկրում, ժողովուրդը լավ ապրի, կենսամակարդակը բարձրանա ժողովրդի, գյուղատնտեսությունում հաջողություն լինի, կատակլիզմները չլինեն, գյուղացին չտուժի, առատ բերք ունենա: Դա է իմ խնդրանքը»:
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ասում է, որ Նոր տարուց ավելի շատ ուրախություն պետք է սպասել և երջանկություն:
«Ամենակարևորը, որ բարի տարի լինի, և բոլորը առողջ լինեն: Մեր հասարակության մեջ սա շատ կարևոր տոն է: Սա ընտանեկան տոն է, որին բոլորը մեծ սպասումներով են սպասում»,-ասում է Մուրադյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասում է, որ 2015-ը հայերի համար խորհրդանշական է լինելու, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է:
«Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ լավ նախապատրաստվենք: Առաջին հերթին պետք է պատշաճ կազմակերպենք միջոցառումները, նաև արտաքին ճակատում տարբեր մարտահրավերներին պետք է դիմակայել, իսկ ղարաբաղյան հիմնահարցում ակնկալում ենք, որ մեր դիրքերն ավելի ամրապնդվեն և քայլ առաջ կատարենք դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը,-ասաց Էդուարդ Շարմազանովը,- Ես ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում տիրի սեր, բարություն, բարձր տրամադրություն: Յուրաքանչյուր հայ ընտանիք ինչ նպատակ ունի, թող Աստված ի կատար ածի: Մեզ էլ՝ իշխանավորներիս, ավելի աշխատասիրություն, սառը դատողություն եմ ցանկանում, որպեսզի մեր սիրելի քաղաքացիների խնդիրների լուծումը, հնարավորինս արագ լինի: Բայց ամենակարևորը, բոլորիս ցանկանում եմ սեր, որովհետև Աստված ինքը սեր է և առանց սիրո որևէ բան չի կարող լինել: Ցանկանում եմ բոլորին ժպիտ, սեր, առողջություն, եթե կան հիվանդներ թող շուտ ապաքինվեն, եթե սպասում եմ երեխաների, թող բոլորիս օջախներում լինի մանկան ճիչ, թող բոլոր տղամարդիկ կարողանան այնքան աշխատավարձ վաստակել, որ յուրաքանչյուր երեխայի ցանկություն կարողանան ի կատար ածել: Նոր տարին ընտանեկան տոն է և ցանկանում եմ բոլորիս ընտանեկան երջանկություն, սեր, խաղաղություն, համերաշխություն, առողջություն, ինչու չէ նաև ֆինանսական բարեկեցություն»: