տուն Լուրեր Ինչպե՞ս է պետությունը տնօրինելու «Սեքյուրիթի Դրիմ»-ի գումարները

Ինչպե՞ս է պետությունը տնօրինելու «Սեքյուրիթի Դրիմ»-ի գումարները

106
0

Vardan

«Մենք գնալու ենք մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացմանը: Այն բոլոր գործառույթները, որոնք հնարավոր է, որ մենք մեր ուժերով իրականացնենք, պետությունն իր վրա վերցնի այդ գործառույթները, մենք կփորձենք դա իրականացնել». այս մասին  այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարությանը, ըստ որի՝ ճանապարհային արագաչափերի ու կայանման գծերի ծառայություններն անցնում են պետությանը:

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պետական մարմիններին հանձնարարեց աշխատանքներ տանել «Սեքյուրիթի դրիմ», «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին:

«Արդյունքում կլինի այն, որ այն միջոցները, որոնք տրամադրվում են մասնավորին, մի մասը գնում է համակարգի պահպանմանն ու բարելավմանը, դա, իհարկե, կշարունակի մնալ, որովհետև այդ համակարգը պետք է պահպանենք, իսկ այն մասը, որը գնում էր որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտարկվի որպես խնայողություն»,- բացատրեց Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ իրենց կողմից իրականացվող աշխատանքի գաղափարախոսությունը շատ պարզ է. նախկինում գումարները գալիս էին ոստիկանության արտաբյուջե, որից հետո բաշխվում «Սեքյուրիթի Դրիմ»-ին՝ որպես ծառայությունների գնում: «Հիմա այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու ամբողջությամբ, և նույն ծառայությունները պետությունն է մատուցելու»,- ասաց նախարարը:

Araratnews.am-ի հարցին, թե շատերի կարծիքով՝ իշխանությունների քայլերը դիտարկվում են նախընտրական տեսանկյունից, Արամյանն ասաց, թե նոր Կառավարությունը իր թիմով աշխատանքներ է իրականացնում, որոնք համահունչ են Սերժ Սարգսյանի հայտարարություններին, իսկ թե ով ինչ տեսանկյունից կդիտի փոփոխությունները՝ թողնում է քաղաքացիների դատին: