Դաբաղ, տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի, եղջերուների և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և երբեմն էլ կբծի մաշկի վրա յուրահատուկ բշտերի (աֆթաներ) առաջացմամբ։ Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։ Հիվանդության հարուցիչը քամվող վիրուսն է։ Ինֆեկցիայիհիմնական աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են, որոնք վարակվում են հիվանդների հետ անմիջական շփման, կերի, ջրի միջոցով։ Հիվանդության առաջին փուլում կենդանու բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա առաջանում են առաջնային աֆթաներ, որով էլ վերջանում է ավելի դիմացկուն կենդանիների Դաբաղի զարգացումը։ Սակայն ավելի հաճախ վիրուսը արյան միջով տարածվում է օրգանիզմում, և՝հիվանդության երկրորդ փուլումլորձաթաղանթի ու մաշկի վրա ձևավորվում են երկրորդային աֆթաներ։ Մատղաշների դաբաղը ընթանում է առանց աֆթաների, սուր սեպտիցեմիայի ձևով։ Դաբաղի ժամանակ բարձրանում է օրգանիզմի ջերմաստիճանը, մեծանում են աֆթաները, միաձուլվում և լցվում՝ սկզբում պարզ, իսկ ապա պղտոր շճային հեղուկով։ Նկատվում է առատ թքահոսություն, երբեմն՝ լուծ, սիրտանոթային համակարգի խանգարումներ։ Խոզերը, այծերը և ոչխարները հիվանդանում են կճղակային ձևով (կենդանիները կաղում են)։ Անկումները կարող են հասնել մինչև 2%, իսկ չարորակ ընթացքի դեպքում՝ մինչև 50%։ Բուժումը՝ ախտահարված հատվածների լվացում ախտահանիչ լուծույթներով, խոցերի բուժում օծանելիքով։ Կճղակները մաքրում և լվանում են պղնձարջասպի լուծույթով, քսում փայտի ձյութ։ Կանխարգելիչ միջոցառումները՝ անապահով տնտեսությունների նկատմամբ սահմանվում է կարանտին։ Համաճարակի օջախը ցանկապատում են, ամեն օր ախտահանում, կենդանիներին պահում մսուրային պայմաններում։ Հիվանդ կենդանիներին բուժում են, պայմանական առողջներին՝ իմունացնում համապատասխան վակցինայով։ Իմունացվում են նաև դաբաղի վտանգին ենթակա տնտեսությունների կենդանիները։ Կարանտինային սահմանափակումները վերացվում են արձանագրված վերջին հիվանդի առողջացումից 21 օր հետո եզրափակիչ ախտահանմամբ հանդերձ։ Վակցինացված կենդանիների սպանդը թույլատրվում է 21 օր անց։
Մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։ Նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքսաղիքային ուղիների խանգարումներ։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ։