Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը խոսեց Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո բնակչության արտագաղթի կամ ներգաղթի սպասելիքների մասին:
«Ես էական փոփոխություններ չեմ տեսնում: Կուզենայի սխալված լինել: Բայց, իմանալով իրողությունը Ռուսաստանում, և իմանալով, որ այսօր շարունակաբար Ռուսաստանը հանդիսանալու է մեր միգրացիոն հիմնական գործընկերը, եւ մեր աշխատանքային միգրանտները, այլընտրանքի բացակայության պատճառով, նորից գնալու են Ռուսաստան, ես էական դրական տեղաշարժեր չեմ սպասում: Հետազոտություն արվեց անցյալ տարի, երբ Ռուսաստանը վերանայեց իր միգրացիոն քաղաքականության մոտեցումները»,- նշեց ժողովրդագետը:
Այդ հետազոտության տվյալները Եգանյանը գնահատեց հնացած:
«Իրավիճակը փոխվել է, ու իրավիճակի փոփոխությունն էլ կբերի որոշակի դրական ու բացասական տեղաշարժերի միգրացիոն ոլորտում»,- ասաց նա։- «Հիմա ենթադրվում է, որ հաջորդ տարվանից կսկսվի երեք տարի տևողությամբ միգրացիոն իրավիճակի մշտադիտարկում: Դա հնարավորություն կտա երեք տարի հետո ստույգ տվյալներ ունենալ միգրացիոն դաշտի վերաբերյալ»: