Ինչով են պայմանավորված Հայաստանում վերջին երկրաշարժերը, և արդյոք մեր երկրում հնարավոր է կանխատեսել դրանք: Հարցերի մասին Araratnews.am-ը զրուցել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սոս Մարգարյանի հետ:
«Այս երկրաշարժերը, որ տեղի են ունեցել, թույլ երկրաշարժեր են, որոնք կանխատեսվող չեն: Դրանք բնական երևույթներ են, որոնք տեղի են ունենում և շարունակական են լինելու: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, դրանով արտասահմանում էլ, մեզ մոտ էլ զբաղվում են տարբեր գիտահետազոտական կազմակերպություններ, բայց հարցը վերջնական լուծված չէ: Դա շատ բարդագույն խնդիր է, որովհետև երկրաշարժերի պատճառներից մեկը ուժեղ երկրաշարժերի կրկնելիությունը մի քանի հարյուր տարի կարող է լինել, իսկ մեր ընդհանուր վիճակագրությունն էս դրությամբ, որ վերցնենք, 100 տարուց փոքր է, դա պատճառներից մեկն է: Այն դեռ չլուծված խնդիր է, նաև մենք ենք զբաղվում, ունենք ժամանակին շատ հաջող կանխատեսման փորձեր, բայց դա դեռ այն մակարդակը չէ, որ լրիվ ասենք կանխատեսվում է՝ և մենք լրիվ ապահով ենք այս ուղղությամբ»,- նշեց Սոս Մարգարյանը:
Իսկ ինչ վերաբերում է վերջին երկու երկրաշարժերին, որոնցից մեկը տեղի էր ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, մյուսն էլ՝ Սյունիքի մարզում, պայմանավորված են հետևյալով. «Առաջինը Ջավախքի ընդարձակման գոտու հետ է կապված, մյուսն էլ՝ Փամբակ-Սյունիք-Սևան խզվածքային գոտու հետ: Երկուսն էլ ակտիվ տեկտոնիկայով են բնութագրվում, ընդհանրապես մեր տարածաշրջանում այդ երկրաշարժերը շատ բնական երևույթ են»: