տուն Լուրեր Ինչո՞ւ ՍԴ-ը բավարարեց ընդդիմության պահանջը

Ինչո՞ւ ՍԴ-ը բավարարեց ընդդիմության պահանջը

96
0

քրիստ մարուքյան

Երեկ Սահմանադրական դատարանը  որոշեց՝ Վանաձորի գործող ավագանու մեկ տարի  մեկ ամսվա գործունեությունը եղել է հակասահմանադրական:

Հիշեցնենք, որ Վանաձորի ներկա ավագանին կազմավորվել էր 2016-ի  հոկտեմբերի 10-ին: 33 հոգուց բաղկացած ավագանու կազմում իշխող ՀՀԿ-ն եւ իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեն 15 անդամ: Չնայած իշխանական կոալիցիային չէր հաջողվել Վանաձորի ավագանիում մեծամասնություն ունենալ, բայց համայնքի ղեկավարի ընտրությունները փակ, գաղտնի քվեարկությամբ անցկացնելու շնորհիվ իշխանություններին հաջողվեց հոկտեմբերի 10-ին Մամիկոն Ասլանյանին դարձնել  Վանաձորի քաղաքապետ: Վանաձորի ավագանու մեծամասնությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ի 3 անդամները, ընդհանուր 18 հոգի, բոյկոտեցին ավագանու նիստերը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, araratnews.am-ի հետ զրույցում ասել էր՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու, նոր քաղաքապետ չի ընտրվելու: Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության  անդամ Քրիստ Մարուքյանից Araratnews.am-ը  հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարձագանքի  Մամիկոն Ասլանյանի հայտարարությանը: «Վանաձորի քաղաքապետը նաև ասում էր, որ  իրենք ինչ անում են, չի հակասում Սահմանադրությանը, օրինական է: ՍԴ-ի վճռի ամբողջական տեքստը ստանալու ենք մի քանի օրից, որից  հետո պարզ  կլինի ամեն ինչ: Բայց, իմ կարծիքով, վճիռը միանշանակ է, տարընթերցում չկա:  Ավագանու նիստերը եղել են հակասահմանադրական»,- ասաց ԼՀ-ի անդամը:

Վանաձորի ավագանու հաջորդ նիստը նախատեսված է  նոյեմբերի 22-ին: Կկայանա՞ այն, թե՞ ոչ` դեռ պարզ չէ: Հստակ չէ նաև, թե ի՛նչ քայլեր է անելու իշխանությունը: Եթե մինչեւ 2018 մարտի 31-ը Մամիկոն Ասլանյանը շարունակի աշխատել, դա, ըստ Մարուքյանի, կնշանակի անհարգալից վերաբերմունք Սահմանադրական դատարանի հանդեպ:   Քաղաքապետի նախկին թեկնածուն չի բացառում, որ  Վանաձորի քաղաքապետը կարող է նույն հիմնավորմամբ , ինչպես նախկինում, նիստ անցկացնել: Սակայն այդ նիստն էլ նախորդների նման հակասահմանադրական է:

Քրիստ Մարուքյանի խոսքով՝ եթե Հայաստանն իրավական պետություն լիներ, ապա  իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկեր ՍԴ-ի վճռից հետո, իսկ Մամիկոն Ասլանյանն էլ հրաժարական տար, վանաձորցիներն էլ նոր քաղաքապետ պետք է ընտրեին:

Սահմանադրական դատարանը 25 տարի   իշխանահաճո  վճիռներ է կայացրել, սակայն այս անգամ  բացառություն եղավ: Ինչո՞վ կբացատրի  ՍԴ-ի այս մոտեցումը  Քրիստ Մարուքյանը: ԼՀ-ի անդամի կարծիքով՝  երբեւէ ՍԴ-ին ուղարկված հայցերն այսքան հստակ չեն եղել: Միշտ եղել են տարընթերցումների  տեղիք տված,  ամբողջությամբ չհիմնավորված  հայցեր. «Մեր հայցում հակասությունն այնքան ակնհայտ էր, ճչացող, որ  ՍԴ-ն իր դեմքը չկորցնելու համար  այսպիսի վճիռ կայացրեց»:

Սոնա Դավթյան