ԱԺ նիստին հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով իր ելույթում նշեց, որ եթե համարենք՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում արդեն ունենք նոր Սահմանադրություն՝ ընտրական օրենսգիրքն իր քաղաքական և իրավական տեսանկյունից ամենակարևոր իրավական ակտն է, որը պետք է փորձենք քննարկել և ընդունել.«Այն գնահատականները, որ մենք քննարկեցինք և համաձայնության չեկանք՝ ես անհասկանալի եմ համարում և տարօրինակ, որովհետև ԱԺ այս քննարկումները հենց դրա համար են, որ քննարկենք և ընդունենք: Երբ ընտրական օրենսգիրքը մուտք է գործել ԱԺ, մեր հանձնաժողովը, անձամբ ես իմ հերթին, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների, սոցիալական խմբերի հետ»:
Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակներում հարակից զեկուցողին իր հարցն ուղղեց, որը վերաբերում էր նախընտրական գովազդի գներին.«Այս դրույթն ընտրական օրենսգրքից ընտրական օրենսգիրք լողում է, որ քաղաքական նախընտրական գովազդի գինը պետք է լինի վերջին մեկ ամսվա, կամ չգիտեմ՝ կես տարվա ընթացքում առևտրային գովազդի գնին համարժեք: Ներեցեք, իսկ ինչո՞ւ պետք է նախընտրական քարոզարշավը և ասենք՝ օղու գովազդը նույն գինն ունենան: Սա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, սա արդեն անհավասար պայմաններ ստեղծելու ամենակարևոր պայմանն է: Ես կարծում եմ, որ այստեղ ընդհանրապես առևտրային գովազդի կեսը պետք է լինի, կամ 40, 20, 10 տոկոսը, որպեսզի մեր հնարավորությունները հավասարաչափ բաշխենք»:
Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով հարցին՝ նշեց, որ գովազդի գնին վերաբերող հարցերը ևս քննարկելի են.«Մենք աշխատանքային քննարկումներ կկազմակերպենք, կփորձենք նաև համապատասխան մարմիններին ներգրավվել, ներկայացուցիչների հետ կապ հաստատել և հասկանալ՝ խնդիրը որն է»: