տուն Լուրեր Ինչո՞ւ պետք է ինչ-որ ավազակի բացթողումների համար ժողովուրդը վճարի. արվեստագետները կմիանան ակցիաներին

Ինչո՞ւ պետք է ինչ-որ ավազակի բացթողումների համար ժողովուրդը վճարի. արվեստագետները կմիանան ակցիաներին

127
0

 

tsovinar

Էլեկտրաէներգիայի թանկացումը, կարծես թե, անխուսափելի է: Սակագնի թանկացումը բողոքի մեծ ալիք կարող է բարձրացնել քաղաքացիների շրջանում և կանխատեսել, թե այդ ալիքն ինչ ուժգնությամբ կլինի և ինչ արդյունքներ կտա՝ դժվար է: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ հանրությունը պայքարելու է, կամ տեղին կլինի ասել՝ հանրության այն հատվածը, որն անտարբեր չէ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հոսանքի թանկացման դեմ պայքարող օղակներից մեկն է լինելու: Կպայքարե՞ն արդյոք մեր մտավորականները, արվեստագետներն այս որոշման դեմ, թե ոչ.  չէ՞որ սա այն հարցերից է, որը ոչ ոք չի շրջանցելու:

Գաբրիել Սունդուկյանի անվան դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը, բացի դերասանուհի լինելուց, նաև քաղաքացի է և կպայքարի իր ընտանիքի, իր ազգի համար:

«Դեմ եմ այդ թանկացումներին և կմասնակցեմ այն ակցիաներին, որոնք տեղի կունենան»,- հավաստիացրեց դերասանուհին:

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը էլեկտրաէներգիայի թանկացումը համարում է ավազակամտություն. պետք է պատասխան տա նա, ով համակարգը հասցրել է այդ վիճակին, ինչո՞ւ պետք է ինչ-որ ավազակի բացթողումների համար ժողովուրդը վճարի:

«Ես պայքարող քաղաքացու կողմից եմ, բնականաբար, նաև նրա կողքին»,- ասում է պարոն Ադամյանը:

«Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը ևս նշում է՝ եթե բողոքի մեծ ալիք բարձրանա, ապա պարտավոր են լինել ժողովրդի կողքին:
«Առանց այն էլ ժողովրդի սոցիալական վիճակն այն չէ, իսկ հիմա էլ նոր զրկանքներ են սպասվում»,- ասում է Գագիկ Գինոսյանն ու հավելում.«Եթե ակցիաներին չտրվի քաղաքական երանգ, այլև լինի զուտ գաղափարական, ապա կլինեմ ժողովրդի կողքին»: