Ինչպես գիտենք, սեպտեմբերի 25-ին Armlur.am լրատվական կայքը տեղեկացրեց, որ «Ոսկու աշխարհ» (այսուհետ՝ ոսկու շուկա) սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը զայրացել է, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայել է աշխատանքից և մասնակցել Կառավարության շենքի դիմաց կազմակերպված առևտրականների բողոքի ակցիային: Վաղարշ Աբրահամյանը (այսուհետ Վաղարշ) կատաղած ցլի նման ջարդուփշուր է արել ոսկեղենի այն սեղանիկները, որոնց տերերը մասնակցել են բողոքի ակցիային։ Ի դեպ՝ Վաղարշի գործողությունների հետևանքնով առևտրականներից շատերը կորցրել են իրենց՝ վաճառասեղանում գտնվող ոսկյա իրերի մի մասը: Ու մինչև այսօր ոչ միայն Վաղարշը պատասխանատվության չի ենթարկվել իր արածի համար, այլ ավելին՝ պայմանագրերը խզելու վերաբերյալ փաստաթղթեր է բաժանել բողոքի ակցիայի մասնակիցներին եւ հայտարարել, թե այլեւս չի ցանկանում, որ այդ մարդիկ իր շուկայում աշխատեն:
Սեպտեմբերի 25-ին, երբ Armlur.am-ը հրապարակեց վերը նշված միջադեպը ներկայացնող տեսանյութը՝ գրեթե բոլոր կայքերը, հղում անելով սկզբնաղբյուրին, տեղադրեցին այն: Իսկ araratnews.am-ի լրագրողը այդ պահին փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանությունից դեպքի կապակցությամբ եւ ստացավ խուսափողական պատասխան՝ իրենք տեղյակ չեն նման միջադեպի մասին:
Այսօր ևս, araratnews.am-ի լրագրողը կապ հաստատեց ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի աշխատակցի հետ՝ պարզելու, թե այս օրերի ընթացքում արդյոք ոտիկանությունը զբաղվե՞լ է սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայում կատարված միջադեպով, որտեղից դարձյալ ինքնապատասխանիչի նման ասացին, որ որևէ հաղորդում իրենք չեն ստացել, ըստ այդմ էլ՝ չեն զբաղվում դրանով:
Մեր լրագրողի այն պնդմանը, որ տեսանյութն արդեն իսկ հաղորդում է հանցագործության մասին, ոստիկանությունից նորից տվել են նույն պատասխանը. «Մենք հաղորդում չենք ստացել»:
Այս թեմային անդրադարձել են ոչ միայն էլեկտրոնային ԶԼՄ-ները, այլեւ հեռուստաընկերությունները՝ մասնավորապես «Արմենիա»-ն՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 179-ի հոդվածի համաձայն՝
1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լրատվության միջոցներին հասցեագրված եւ չհրապարակված հաղորդակցություններում:
Տեղեկացնենք նաև, որ առևտրականների՝ այսօրվա կազմակերպած ակցիային, ոսկու շուկայի աշխատակիցներից և ոչ մեկը չի մասնակցել:
Էմմա Պալյան
http://youtu.be/sSNzGff4GBw