Քանի որ հանցագործությունը կատարվել էր Հայաստանի տարածքում, բնական է, որ նախաքննությունը պետք է վարեր հայկական կողմը: Գյումրիում կատարված միջադեպի մասին Araratnews-ի հետ զրույցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: «Այն, որ հայկական կողմը պիտի նախաքննությունը վարեր, դրանում կասկած չունեմ ես: Բայց, քանի որ հայաստանյան իշխանությունները չունեն այնքան կամք և այնքան արժանապատվություն ռուսական կողմի ցանկություններին չենթարկվելու համար, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Հայաստանի համար ամոթալի փաստ է սա, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»:
Հանցագործությունը տեղի է ունեցել ռուսական ռազմաբազայից դուրս: Դա նշանակում է, որ հայկական կողմը ունի լիարժեք իրավունք նախաքննական աշխատանքներ կատարելու համար, հայտնեց Վարդան Հարությունյանը: «Հանցագործը խախտել է նաև ռուսական օրենքները: Նա զենքով դուրս է եկել իր ռազմաբազայից: Առավելագույնը ռուսները կարող էին քրեական գործ հարուցել և այդ գործի շրջանակում շարունակել նախաքննությունը` չխանգարելով հայկական կողմին»:
Ռուսական կողմը իր գործողություններով ցույց է տալիս, որ հայկական կողմը իրենց համար արժեք չի ներկայացնում, նշեց իրավապաշտպանը: «Ավելի շատ պետք է խոսվի սրա մասին, որ հայկական կողմը արժեք չի ներկայացնում ռուսական կողմի համար: Ցավալին այն է, որ հայկական կողմից որևէ դիմադրություն չկա ռուսական այս քայլերի հանդեպ: Սա արժանապատվության բացակայության բացառիկ դեպք է»:
Կարևորը Վարդան Հարությունյանի համար ոչ թե հանցագործին պատժելն է, այլ ռուսական կողմի հաղորդագրությունը հայկական կողմին: «Անձամբ ինձ համար կարևոր չէ անաչառությամբ կդատեն հանցագործին, թե ոչ, իմ համար փաստն է կարևոր, թե սրանով ռուսական կողմը ինչ է ուզում հասկացնել հայկական կողմին: Ցավալին այն փաստն է, որ Հայաստանում հանցագործություն կատարած ռուս զինվորի հանդեպ հայկական կողմը չի կարողանում համապատասխան նախաքննություն վարել: Մնացած որևէ բան այդքան էլ կարևորություն չի ներկայացնում իրենից»: