տուն Լուրեր Ինչո՞ւ են թանկացել լիցքավորման քարտերը. պարզաբանում են օպերատորները

Ինչո՞ւ են թանկացել լիցքավորման քարտերը. պարզաբանում են օպերատորները

122
0

новый коллаж

Հայաստանի երեք օպերատորների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Յուքոմ»-ի և «ԲիԼայն»-ի բաժանորդներն արդեն ստիպված են «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի համար միջնորդավճար տալ: Կրպակներից լիցքավորման համար բաժանորդը որպես միջնորդավճար պետք է վճարի առավելագույնը 30 դրամ, իսկ լիցքավորման քարտերի համար՝ հավելյալ 50 դրամ: Վերջին օրերին բազմաթիվ բաժանորդներ տարբեր հարթակներում իրենց բողոքի ձայնն են բարձրաձայնում ավելին վճարելու համար:

«Յուքոմ» ընկերությունից araratnews.am-ին տեղեկացրին, որ այն տնտեսավարող սուբյեկտները՝ խանութներ, կրպակներ, ովքեր սկսել են միջնորդավճար վերցնել, իրենց վերահսկողության տակ չեն գտնվում, իսկ ընկերությունը միջնորդավճար գանձելու ոչ մի որոշում չի կայացրել. «Մենք միջնորդավճար չենք գանձում «Յուքոմ»-ի սպասարկման սրահներում, UP հավելվածի, «Յուքոմ»-ի կայքի և բանկերի միջոցով վերալիցքավորում իրականացնելու համար, ինչպես նաև միջնորդավճար չենք գանձում ՀՀ ամբողջ տարածքում գործող, սակայն մեր ընկերության վերահսկողության տակ չգտնվող մասնավոր տնտեսավարող սուբյեկտներից»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից էլ տեղեկացնում են, որ իրենց դեպքում ևս «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ. «Կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում»:

Ընկերությունից նաև ընդգծում են, որ Հայաստանի ողջ տարածքում գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերում ևս լիցքավորման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջնորդավճար չի նախատեսում. «Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաև ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսավարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում ևս՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում»:

Մեր հարցին՝ այսինքն` կրպակներում և այլ վաճառակետերում խախտո՞ւմ են անում` հավելյալ գումար գանձելով, և ընկերությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում անել իրավիճակը շտկելու համար, պատասխանեցին, որ  խնդրի վերաբերյալ այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «ԲիԼայն» ընկերության հետ, որտեղից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Քաղաքացիների բողոքների և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեցինք նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից խնդրեցին ավելի ուշ զանգահարել… Ավելի  ուշ զանգահարեցինք, սակայն այս անգամ մեր զանգերին ոչ ոք չպատասխանեց:

Էմմա Հովսեփյան