Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: «Էկոմենս» ախտորոշման լաբորատորիան կանանց մեկ ամսյակի առթիվ հայտարարած ակցիան շարունակելու է ևս մի շաբաթով՝ մինչև ապրիլի 11-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը: «Ես կոչ եմ անում մեր հասարակությանը, որ հետևեն իրենց առողջությանը ոչ միայն այսպիսի ակցիաների ժամանակ, այլ նաև առօրյայում: Մենք հայտարարել էինք համատեղ ակցիաներ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Սակայն որոշեցինք երկարաձգել այս ակցիան ևս մի շաբաթով: Ակցիայի ժամանակ ստուգված 154 կանանցից ցավոք սրտի 14-ը ունեին քաղցկեղ: Ունեցանք նաև կրծքավանդակի սոնոգրաֆիա 171 հոգու մոտ, ինչպես նաև վահանագեղձի սոնոգրաֆիա 91-ի: Եղան նաև գինեկոլոգիական ստուգումներ, ատամնաբուժական օգնություն, և այլն»- հայտնեց Խաչանուշ Հակոբյանը:
Հարվարդի համալսարանից մենք ունենք հյուրեր, որոնք ապրիլի 16-ին լազերային սարքի շնորհիվ հեռացնելու մարդկանց մաշկի վրայի մուգ լաքաները, նշեց Խաչանուշ Հակոբայնը: «Տարեց-տարի ավելանում է այն մարդկանց քանակը, որոնք հետևում են իրենց առողջությանը: 154 ստուգված կանանցից 14-ի մոտ հայտնաբերված քաղցկեղը շատ է մեզ համար»:
Վահանագեղձի հիվանդությունների տեսանկյունից մենք ապրում ենք շատ անբարեպաստ շրջանում, ասաց Ինեսսա Նազարյանը: «Պետք է մի քանի տարին մեկ գոնե մի անգամ սոնոգրաֆիա անցնել՝ պարզելու համար խնդիրներ ունեն: Մարդիկ ունեն այն վախը, որ ստուգվելուց հետո կարող է հիվանդություններ հայտնաբերվեն: Սակայն, ակցիաներ անելով հասկանում ենք, որ հիմնականում խնդիրը ոչ միայն վախն է, այլև ֆինանսական կողմը»: