Վերջին տարիներին մեզ մոտ սնկի արագությամբ բացվում, ապա փակվում են խանութները: Ո՞րն է պատճառը՝ հարկե՞րն են ավելացել, թե՞ մարդիկ հիմա գնողունակ չեն: araratnews.am-ը զրուցեց ԵՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ:
«Ես կարող եմ վկայակոչել վիճակագրական ծառայության հրապարակած 2015 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ տնտեսական ցուցանիշները, որոնք նաև վերաբերում են առևտրի և սպասարկումների ոլորտին. այդ ոլորտում իսկապես որոշակի անկում կա, իսկ դրա հիմնական պառճառը՝ այո, բնակչության դրամական եկամուտների և գնողունակության անկումն է: Դա արտաքին մասնավոր տրանսֆերտների, հատկապես Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների կրճատման հետևանք է»:
Տնտեսագետի հավաստմամբ, նախնական ցուցանիշներով՝ անցյալ տարի մոտ 500 մլն դոլարի չափով ավելի պակաս միջոցներ են փոխանցվել, քան՝ 2014 թվականին.«Դրա հետևանքով առևտրի շրջանառությունը մոտավորապես 8 տոկոսով նվազել է: Մանրածախ առևտրում ավելի շատ է անկումը՝ մոտ 10-11 տոկոս: Մեծածախ առևտրի ոլորտում որոշ չափով ավելի քիչ է՝ մոտ 4-4,2 տոկոսով: Բավականին շոշափելի հատված է ավտոմեքենաների առևտուրը, որտեղ ևս 10 -տոկոսանոց անկում կա: Բնականաբար, բնակչության այս դրամական եկամուտների անկումը պետք է հանգեցներ առևտրի շրջանառության, մարդկանց գնումների ծավալների անկմանը:
Ինչ խոսք, մրցակցություն կա: Հատկապես ագրեսիվ քաղաքականություն են վարում սուպերմարկետները, նրանց ցանցերը, և մրցակցության պրոցեսում բնական է, որ փոքր և միջին առևտրային օբյեկտները, որպես կանոն, տանուլ են տալիս: Քանի որ գնողունակության անկում կա, անխուսափելի է այդ փոքր առևտրային օբյեկտների փակումը, վերակառուցումը: Այդտեղ,ըստ էության, գաղտնիք չկա, և դա տեսանելի է»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում տիրող տնտեսական իրավիճակին՝ Ատոմ Մարգարյանը նշեց.«Ադրբեջանում շատ ավելի ցնցումային է սցենարը: Եթե նկատի ունենանք ադրբեջանական մանաթի վարքագիծը, Ադրբեջանի կենտրոնական բանկի քաղաքականությունը և սկզբունքորեն այն աժիոտաժը, որ գոյացել է արժութային շուկայում, բնական է՝ դա ևս ազդում է առևտրային շրջանառությունների և գնողունակության վրա: Այնտեղ էլ կան այսպիսի ցնցումային զարգացումներ և նույնպիսի զուգահեռ տանելը տեղին է»: