Մեր մանր ու միջին պաշտոնյաներն ամեն ինչ անում են, միայն թե իրենց գրպանից ոչինչ չգնա, ինչ հնարավոր է, ուրիշի հաշվին լինի։ Վերջերս պարզեցինք, որ պետական ապարատի չինովնիկները, ընդհուպ՝ նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների պետեր, մեծ ու փոքր լծակներ ունեցող այլ պաշտոնյաներ, իրենց հեռախոսահամարները գրանցում են ոչ թե իրենց անունով, այլ որեւէ ընկերության կամ կառույցի։ Առաջին հայացքից այստեղ որեւէ արտառոց բան չկա, բոլորս էլ կարող ենք որեւէ փաթեթի մեջ ընդգրկվել՝ ավելի մատչելի սակագներով խոսելու համար։ Բայց պետական պաշտոնյաների, ինչո՞ւ ոչ, նաեւ մասնավոր ընկերությունների ղեկավարների դեպքում որոշակի կոռուպցիոն ռիսկեր կան, եթե չասենք՝ բացահայտ դեպքեր։ Օրինակ՝ շատերը, ովքեր ազդեցություն կամ լծակ ունեն այս կամ այն ոլորտի եւ անձանց վրա, կարող են իրենց համարները գրանցել որեւէ ՍՊԸ-ի կամ հիմնարկի վրա եւ ազատվել հեռախոսավարձ վճարելու հոգսից։ Իսկ եթե դա ուղղակի կամ անուղղակի կերպով պետբյուջեի հաշվին է լինում, արդեն գործ ունենք հանցագործության հետ։ Եթե խոսքը մասնավոր հիմնարկի մասին է, ապա վճարված հեռախոսավարձերը եկամտից դուրս եկած ծախս են ցույց տալիս, արդյունքում այդ չափով քիչ հարկ վճարում պետությանը։ Մեր ձեռքի տակ եղած համարներից մեկը պատկանում է կրթության եւ գիտության նախարարության աուդիտի վարչության պետի տեղակալ Էթերի Գրիգորյանին, որը գրանցված է «Սաքսֆոն» ՍՊԸ-ի վրա։ Այդ ընկերությանը ռադիոկապի լիցենզիա է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որտեղ աշխատում է նաեւ Գրիգորյանի ամուսինը։ Էթերի Գրիգորյանը մեր հարցին, թե արդյոք իր հեռախոսահամարը «Սաքսֆոն» ընկերության հետ կապ ունի՞, ասաց. «Չէ, արդեն վաղուց կապ չունի»։ Իսկ կապ ունեցե՞լ է։ «Դե, իրենց ՍՊԸ-ի անունով է վերցվել համարը։ Հիմա իմ անունով է»,-ասաց նա ու հետաքրքրվեց, թե ինչ խնդիր է։ Հարցրինք նաեւ, թե արդյոք իր ամուսինն աշխատո՞ւմ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եւ արդյոք ՀԾԿ հանձնաժողո՞վն է տվել լիցենզիան «Սաքսֆոնին»։ «Վայ, ես տենց մանրամասներ չգիտեմ, ճիշտն ասած։ Հա, էնտեղ է աշխատում, բայց էդ էլ իրա հետ էլի կապ չունի։ Երբ որ էդ համարները վերցվել են, շատ-շատ վաղուց է եղել, երեւի մի 7-10 տարի է՝ ընդհանրապես էդ ՍՊԸ-ի անունից դուրս են եկել էդ համարները։ Ինքն էդ ժամանակ չի աշխատել, երբ որ եղել են էդ համարները»,-ասաց նա ու զարմացավ, թե ինֆորմացիան մեզ որտեղից։ Կրթության նախարարության մեկ այլ պաշտոնյայի՝ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի հեռախոսահամարն էլ գրանցված է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի վրա։ Վերջինիս հետ մեր զրույցը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ։ Սկզբում նա ասաց, որ իր հեռախոսն ընկերոջ անունով է. «Չէ, ընգեր ջան, սա մոտավորապես 12 տարի ա, դեռ ավելի շատ՝ երեւի մի 15 տարի ընկերոջս անունով է, առաջին օրվանից էդ հեռախոսն իր անունով է, էդ ժամանակ իմ անձնագրի հետ կապված խնդիր կար, իր անունով վերցրեց, տվեց ինձ։ Ալեքսանդր Ղազարյանի անունով ա, կառավարության աշխատակազմի ընդունելությունների վարչության պետն է ինքը»։ Երբ նշեցինք, որ այս հեռախոսահամարը Կրթության ազգային ինստիտուտի անունով է գրանցված, պարոն Կարապետյանը հանկարծ մտաբերեց. «Այո, այո, ճիշտ ա։ Փաթեթ ունենք մենք, ես Կրթության տեսչության պետն եմ, էդ փաթեթով մենք իմ տեղակալի, այդ թվում՝ նաեւ Կրթության ազգային ինստիտուտի այլ պաշտոնյաների, այլ աշխատողների, այսինքն, որպեսզի մենք քաղաքային հեռախոսով շատ չծախսենք, էս փաթեթն ա վերցրած, որ ավելի հարմար լինի»։ Իսկ որքա՞ն է կազմում ԿԱԻ-ի անունով գրանցված աշխատանքային համարի ամսական վարձը, եւ ո՞վ է վճարում դրա համար։ «Ես բացարձակապես չգիտեմ, ստից էս կողմ, էն կողմ զանգում ենք, էդ ա, էլի»,-ասաց նա, իսկ թե ով է մուծում գումարը, ասաց. «Ես տեղյակ չեմ դրանից, էդ հեռախոսն իմը չէ։ Աշխատակազմ զանգեք, կիմանաք»։ Բնապահպանության տեսչության պետ Հակոբ Գալստյանի հեռախոսահամարն էլ, մեր տվյալներով, գրանցված է «Վալ-Ամանոս» ընկերության անունով։ Գալստյանն ասաց, որ հեռախոսահամարը նախկինում ինչ-որ փաթեթի մեջ եղել է, բայց այս պահին չի կարող հստակ ասել, պետք է ճշտի։ Իսկ ի՞նքն է տնօրինում այդ համարը, վարձն ի՞նքն է մուծում, Գալստյանն ասաց. «Դե բա, որ իմ մոտ ա, բա ո՞վ պիտի տնօրինի։ Լրանում ա ամիսը, վճարում ենք։ Ինչ-որ փաթեթ կար, որ վճարում էիր ինչ-որ գումար, որ ցանցի ներսում անվճար է, ցանցից դուրս՝ ինչ-որ գումար»։ Կարո՞ղ է «Վալ-Ամանոս» ընկերության փաթեթն է եղել։ «Էդ «Վալ-Ամանոսը» ՍՊԸ-ն էր, էլի, որ փաթեթի մեջ բան էր անում… էդ, գիտե՞ք ոնց, շատ շուտ էր, սենց չեմ էլ կարա հիշեմ»։ Իսկ ո՞ւմ փաթեթն էր, ինքը կապ ունե՞ր այդ փաթեթի հետ։ Պարոն Գալստյանն ասաց. «Փաթեթը… հարազատ մարդիկ էին մի քանի հոգի, որ էդ փաթեթի մեջ բան էր ըլնում, բավական էժան էր վճարումները կատարվում»։ Իսկ հիմա է՞լ է իր համարը փաթեթի մեջ։ Դժվարացավ պատասխանել. «Չէ, հիմա չեմ կարա ասեմ, անկեղծ ասած։ Դե, դա կարելի ա «Արմենթելով» ճշտել, էլի»։ Նշենք, որ այսպիսի օրինակները բազմաթիվ են մեր պետական ապարատում, եւ վերոնշյալ գերատեսչություններն ու պաշտոնյաները բացառություն չեն։ Այնպես որ, ցանկը շարունակական է։
Նյութի աղբյուրը ` hraparak.am