տուն Լուրեր Ինչո՞ւ են դպրոցներում պահանջում երեխաների սոցիալական քարտերը

Ինչո՞ւ են դպրոցներում պահանջում երեխաների սոցիալական քարտերը

230
0

Aararatnews.am-ը օրերս բողոքներ էր ստացել մի շարք ծնողներից, որոնք նշում էին, որ դպրոցներում երեխաներից սոցիալական քարտեր են պահանջում՝ չբացատրելով պատճառը։

Մենք կապ հաստատեցին կրթության և գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Աշոտ Արշակյանի հետ։

Արշակյանը, պարզվեց, ևս տեղյակ չէր խնդրին, սակայն քիչ անց տեղեկացրեց, որ դպրոցներում երեխաներից սոցիալական քարտեր պահանջել են կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հրահանգով՝ չմանրամասնելով պատճառները։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ տվյալները հավաքագրվում են վիճակագրության նպատակով և գաղտնի են պահվելու․ «ԿԳՆ-ն ունի դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ, որի միջոցով իրականացվում է նաև վիճակագրություն։ Այսինքն՝ դա վարչական ռեգիստր է, որով իրականացվում է վիճակագրություն, թե որ դպրոցի որ դասարանում քանի երեխա է սովորում։ ՀՀ-ում միակ փաստաթուղթը, որի համարները չեն կրկնվում, հանրային ծառայությունների համարանիշն (ՀԾՀ) է՝ սոցիալական քարտի համարը։ Եթե մենք ուզում ենք անձին իդենտիֆիկացնել, միակ տարբերակը հանրային ծառայությունների համարանիշն է, որպեսզի խուսափենք տարբեր դպրոցներում նույն երեխային գրանցելու հնարավորությունից, կոռուպցիոն ռիսկերից և այլն»,- ընդգծեց Պողոսյանը։

Նա նշեց, որ այս ամենն արվում է դպրոցների գործը հեշտացնելու համար։ Այսինքն՝ դպրոցները գործ են ունենալու միայն սոցիալական քարտի համարի հետ․ «ՀԾՀ համարը հավաքելով՝ համակարգը միանում է պետռեգիստրին, ստուգում է տվյալները և ներբեռնում պաշտոնական տվյալները։ Սա կօգնի ունենալու հստակ վիճակագրություն»։

Պողոսյանի խոսքով՝ այդ ամենն արվում է օրենքի շրջանակներում, ծնողները կարող են հանգիստ լինել, քանի որ ՀԾՀ-ների հավաքագրումն իրականացվում է ԿԳՆ-ի կողմից։