տուն Լուրեր Ինչո՞ւ ընտրական գործընթացները հասանելի չեն հաշմանդամություն ունեցողներին

Ինչո՞ւ ընտրական գործընթացները հասանելի չեն հաշմանդամություն ունեցողներին

80
0

middle_

Ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության խնդիրներին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի» տնօրեն Զարուհի Բաթոյանը:

«ՀՀ-ն 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների»  կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին: Վեց տարի է ուժի մեջ է, բայց պետական մակարդակով, օրենսդրական փոփոխությունների, ակտերի իմաստով մենք դեռ շատ անելիքներ և շատ բացեր ունենք: Ամենակարևոր խնդիրներից մեկը, պետք է նշեմ, որ նախ ընտրողների իրավունքն է, որովհետև Սահմանադրական հանրաքվեն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ անմատչելի, անհասանելի գործընթաց է այս ամենը հաշմանդամություն ունեցող անձանց համար»։

Զարուհի Բաթոյանը նաև նշեց, որ խոսքը միայն տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների մասին չէ, այլ նաև՝ տեսողության, լսողության, մտավոր, սովորելու կամ առողջական խնդիր ունեցող անձանց:

«Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարիքներ ունեն մարդիկ, որովհետև մենք շատ հաճախ սովոր ենք միայն թեքահարթակների առկայությամբ նշել, որ այս կամ այն վայրը մատչելի կամ հասանելի է: Իրականում դա այդպես չէ և ընտրական գործընթացը նաև չի սկսվում և ավարտվում միայն բուն ընտրության գործընթացով: Ընտրական գործընթացը սկսվում է շատ ավելի շուտ, երբ սկսվում է  քարոզարշավը, կամ ուղղակի ծրագրեր են ներկայացնում քաղաքական կուսակցությունները, գործիչները: Այստեղ նաև շատ կարևոր է այդ տեղեկատվության հասանելիությունը խնդիրներ ունեցող անձանց համար: Հենց այստեղից է սկսվում այդ անմատչելիությունն ու խտրականությունը, որովհետև եթե օրինակ՝ մարդն ունի լսողության խնդիր, տեսողության կամ իր համար դժվար է ընկալել բարդ տեքստերը, դրանք անհրաժեշտ է մատչելի և հասանելի դարձնել բոլորի համար»: