տուն Լուրեր Ինչո՞ւ ԱԺ նախագահը ներկա չէր մայիսի 28-ի միջոցառումներին

Ինչո՞ւ ԱԺ նախագահը ներկա չէր մայիսի 28-ի միջոցառումներին

102
0

Այսօր՝ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներ էին կազմակերպվել Սարդարապատի հուշահամալիրում: Միջոցառումներին ներկա էին  ՀՀ վարչապետը, Հայաստանի եւ Արցախի նախագահները, բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներ: Սակայն նկատելի էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը նախորդ տարի եղել էր Սարդարապատի հուշահամալիրում, այս տարի բացակայում էր:  Նա բավարարվել է միայն շնորհավորական ուղերձ հղելով: Ավելին՝ այս տարի պասիվ են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

Araratnews.am-ը փորձեց պարզաբանում ստանալ  ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից: Նրա խոսքով՝ նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը՝ որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ «Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները, և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։ Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- ասաց Արսեն Բաբայանը:

Մեր հարցին, թե այսպիսի մոտեցումը եղել է կառավարությունի՞ց, Արսեն Բաբայանն ասաց՝ վարչապետի աշխատակազմից:

Սոնա Դավթյան