Օգոստոսի վերջին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները ահազանգել էին, որ իրենց գյուղում կենդանիները զանգվածաբար հյուծվում են: Գյուղացիները կասկածում էին, որ դրանք դաբաղի նշաններ են: Այսօր արդեն կենդանիները քիչ-քիչ ոտքի են կանգնում, բայց դաբաղի հետ կապված գյուղացիների կասկածները դեռ լրիվ չեն վերացել:
«Սննդի անվտանգության տեսչությունից եկան, նայեցին, դեղեր սրսկեցին, ու էս պահի դրությամբ հիվանդությունը նահանջել է: Հիվանդ կենդանիների թիվն անցնում էր 150-ից, հիմա կարող է 2-3-ի մոտ դեռ նշաններ կան, բայց արդեն բոլոր կենդանիներն էլ կարողանում են հանդ գնալ, արածել»,- araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանը:
Գյուղապետի խոսքով՝ իրենք մինչև հիմա դաբաղ էին կասկածում, բայց ստույգ չգիտեն, թե ինչ հիվանդություն է. «Իրենք էլ են դաբաղ կասկածում, ուղղակի ասացին, որ պետք է անկում լինի` կենդանին սատկի, որ կարողանան ներքին օրգանները ուղարկել լաբարատոր փորձաքննության, բայց ոչ մի կենդանի չի սատկել: Մի անգամ մի հորթ էր սատկել, բայց ուրիշ ինչ-որ բանից՝ երևի թունավորվել էր»:
Սննդի անվտանգության տեսչությունից նույնպես մեզ ասացին, որ Մարգահովիտում դաբաղի հաստատված դեպք չի գրանցվել: Եվ քանի որ անկած կենդանի չի եղել, միանաշանակ չեն կարող ասել, թե ինչ հիվանդություն է եղել. «Ամեն դեպքում այդ ահազանգի հետքերով մեր տեսուչները գնացել են և մինչև հիմա տարածքը վերահսկման տակ են պահում, որ եթե անկում լինի` անպայման համապատասխան գործողություն կատարվի»:
Եթե Մարգահովիտում հիվանդությունը նահանջել է, և կենդանիների անկման դեպքեր չեն գրանցվել, ապա Տավուշի մարզի Նավուր գյուղում խոզերը մի քանի օրվա մեջ սատկել են անասնակերից: Այս դեպքի հետ կապված նույնպես Սննդի անվտանգության տեսչությունը աշխատանքներ է կատարում, բայց պատճառները դեռ պարզ չեն: Ինչպես մեզ ասացին տեսչությունից, անկած կենդանին և կերը ուղարկել են նմուշառման, բայց պատասխանները պարզ կլինեն երկու օրից: Իսկ մինչև այդ Բերդի իրացման կետերից մեկում, որտեղից ձեռք էր բերվել ենթադրյալ թունավոր անասնակերը, վաճառքը կասեցվել է:
Էմմա Հովսեփյան