տուն Լուրեր Ինչի սոված հոգևորների ախորժակը խորովածի հոտից բացվո՞ւմ է, իրենց վա՞տ են զգում....

Ինչի սոված հոգևորների ախորժակը խորովածի հոտից բացվո՞ւմ է, իրենց վա՞տ են զգում. գյուղապետ

194
0

Безымянный

Մարմաշենի վանքի հարակից տարածքում տեղադրված «բեսեդկաներում» հաճախ անցկացվող կերուխումերը, որոնք ուղեկցվում են երգ-երաժշտությամբ, խաթարում են հոգևոր մթնոլորտը: Մարմաշեն այցելող հավատացյալներն ու զբոսաշրջիկներն ահազանգում են, որ վանք այցելելիս այնպիսի տպավորություն է, որ ոչ թե սրբատեղի են եկել, այլ խրախճանքի:

Պարզվում է` խնդիրը նոր չէ: Մարմաշենի վանահայր տեր Փառեն քահանա Պետրոսյանը բազմիցս դիմել է Վահրամաբերդի գյուղապետարան, Շիրակի մարզպետարան, բայց պատասխան ոչ մի տեղից այդպես էլ չի ստացել. «Կառավարության որոշման համաձայն` եկեղեցու տարածքը գտնվում է մշակույթի նախարարության տնօրինության ներքո, իսկ մենք պատասխանատու ենք միայն եկեղեցու համար, բայց ոչ հարակից տարածքների, և այդ մասով եկեղեցին չի կարող իր դիրքորոշումն առաջադրել: Հետևաբար, Մարմաշենի վանքն էլ անմասն չէ մյուս բոլոր վանքերից ու եկեղեցիներից, որ գտնվում են մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեի ձեռքում»:

Վանահայրը նշում է, որ խնդրի մասին սկսել են բարձրաձայնել շատ տարիներ առաջ. «Այսօր ես եմ եկեղեցու վանահայրը, բայց դեռ 2003 թվականից մինչև այսօր հարց է բարձրացվել այդ եկեղեցու տարածքում գտնվող բեսեդկաների համար, որ անհրաժեշտ է դրանք այդտեղից հանել, որովհետև դրանք խանգարում են հոգևոր մթնոլորտին: Բազմաթիվ ատյաններ ենք դիմել, բազմաթիվ գրություններ ենք ուղարկել թե´ մշակույթի նախարություն, թե´ գյուղապետարան, թե´ մարզպետարան, բայց ամեն անգամ գալիս են, նայում, ասում, որ հարցը կլուծվի, սակայն այդպես էլ չի լուծվում»:

21476394_1255754441203593_1573786539_n

Վանքի հարակից տարածքը պատկանում է Վահրամաբերդ համայնքին: Եվ ինչպես նշում է տեր հայրը, ըստ գյուղապետարանի` այն 60 տարով վարձակալության է հանձնված մի քանի գյուղացիների, ովքեր էլ տեղադրել են բեսեդկաները և փող են աշխատում. «Երբ ես բողոքում եմ, իմ ձայնը տեղ չի հասնում: Այդ մարդիկ ասում են, որ վճարել են, բայց չէ՞ որ քրիստոնյա են, ինչպե՞ս են պատկերացնում եկեղեցու տարածքում այս խառնաշփոթ իրավիճակը, որ կարող են կիսատկլոր գալ, խորոված անել եկեղեցու տարածքում: Անգամ Շիրակի  թեմի առաջնորդ Աջապահյանն է արդեն, կոպիտ եմ ասում` հոգնել այս հարցը բարձրացնելուց, բայց արդյունքի չի հասել»:

Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրիվ այլ կարծիք ունի: Համայնքի ղեկավարը կողմ է եկեղեցու հարակից տարածքում բեսեդկաներին. «Հարակից տարածքները Վահրամաբերդ համայնքինն է, մեր որոշումով է եղել, դա իմ իմացությամբ է տեղի ունենում: Տարածքը օրինական վարձակալությամբ է տրված, սպասարկման համար տարածք է»:

Գյուղապետը նշում է, որ տարածքը գյուղի երկու բնակիչներ են վարձակալել, յուրաքանչյուրը` 2000 քմ, տարեկան 150 հազար դրամով. «Վարձակալել, իրենց համար բեսեդկա են դրել, հիմա մանղալ կա, կարող ա իրանց համար խորոված էլ անեն, ես ի´նչ անեմ: Մարդիկ էլ կան, որ գալիս, նստում, հանգստանում են, դրա մեջ դուք վա՞տ բան եք տեսնում: Հիմա հնարավոր չի՞, որ մի 10 հոգով գան, մի հատ էլ խորոված անեն, ուտեն: Ես որ նորմալ եմ նայում դրան»:

maxresdefault

Մեր նկատառմանը, որ գուցե դա շատերի համար ժամանցի լավ տարբերակ է, բայց դեմ է եկեղեցի այցելող մյուս հավատացյալների ցանկություններին ու արվում է նրանց նյարդերի հաշվին, և եկեղեցու տարածքում խրախճանք կազմակերպելն այնքան էլ հարիր չէ հայ քրիստոնյային, գյուղապետը պատասխանեց. «Հանգստի համար մարդիկ հարմարություն են ստեղծել… ինչի՞ սոված հոգևորները գնում են եկեղեցի, ընդեղ խորոված են անում, ախորժակները բացվո՞ւմ են, իրենց վա՞տ են զգում: Լավ էլ տուրիստները գալիս են, հանգստանում են»:

Համայնքի ղեկավարին մյուսների անհանգստությունն այնքան էլ չի մտահոգում, կարևորը, որ հողատարածքները տրված են օրինական վարձակալության. «Էդ մարդիկ վարձակալել են ու իրավունք ունեն ընտեղ հանգստանալու, նստելու հարմարություններ ստեղծել, դա օրենքով է թույլատրված, և ես իրավունք չունեմ իրենց արգելելու»:

Իսկ վարձակալությունից ստացված գումարները, գյուղապետի պնդմամբ, ծառայում են համայնքի ընդհանուր ծախսերի համար: Մեր հարցին` հաշվետվություններ կա՞ն, գյուղապետը նախ զարմացավ` ի՞նչ հաշվետվություն, այնուհետև մեր ճշտող հարցին` հողատարածքի վարձակալությունից ստացված գումարները մուտքագրվո՞ւմ են,  պատասխանեց`գրանցվում են:

Մինչդեռ Մարմաշենի վանահայր տեր Փառեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծում էր, որ այսքան ժամանակ ոչ մի հաշվետվություն էլ չի տեսել, թե գումարներն ինչի´ համար են ծախսվում:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել ենք նաև մշակույթի նախարարություն, որը ստանալուն պես  կներկայացնենք:

Էմմա Հովսեփյան