տուն Լուրեր Ինչ լիազորություններով է Արմեն Սարգսյանը հանդիպումներ ունենում արտերկրում

Ինչ լիազորություններով է Արմեն Սարգսյանը հանդիպումներ ունենում արտերկրում

89
0

Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է կազմակերպիչների, ինչպես նաեւ անձամբ համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հրավերով: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին Araratnews.am-ին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մեր հարցմանն ի պատասխան:

Օրեր առաջ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ, պարզելու՝ ի՞նչ իրավասությամբ է ՀՀ նախագահը մասնակցում Մյունխենի անվտանգության համաժողովին՝ նկատելով, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Արմեն Սարգսյանը արտաքին քաղաքականություն վարելու իրավասություններ չունի, իսկ Մյունխենի համաժողովին նա հանդիպումներ էր ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ:

«Ի՞նչ իրավասության և կամ լիազորության շրջանակներում է Արմեն Սարգսյանը այս օրերին հանդիպումներ ունենում օտարերկրյա պետությունների ղեկավարների, դիվանագետների հետ և ի՞նչ լիազորությունների շրջանակներում է բանակցություններ վարում նրանց հետ ՀՀ անունից»,- հարցրել էինք նախագահի աշխատակազմին:

Ի պատասխան մեր հարցման՝ նախագահի աշխատակազմից հայտնում են.

«Հանրապետության նախագահը Գերմանիայում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների ղեկավարների, հայտնի գործարարների, դիվանագետների, խոշոր ընկերությունների, գիտակրթական հաստատությունների ղեկավարների հետ, մասնավորապես, այցելել է Հայդելբերգի համալսարան, Եվրոպական հարավային աստղադիտարան, Մյունխենի տեխնիկական համալսարան: Այդ հանդիպումների վերաբերյալ նախագահի աշխատակազմի կողմից տարածվել է համապատասխան պաշտոնական տեղեկություն:

Որպես Հանրապետության նախագահ եւ պետության գլուխ՝ Արմեն Սարգսյանն իր ողջ գործունեությունը, այդ թվում՝ նաև արտերկրյա այցերն ու հանդիպումները, իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակում՝ համագործակցելով կառավարության հետ: Այդ հանդիպումներին շատ հաճախ մասնակցում են նաեւ կառավարության ներկայացուցիչները: Այցերի եւ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները  փոխանցվում են կառավարությանը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան ընթացք տալու համար:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Հանրապետության նախագահը սահմանադրական որեւէ սահմանափակում չունի՝ մասնակցելու միջազգային համաժողովների, ինչպես նաեւ հանդիպումներ ունենալու օտարերկրյա ղեկավարների, դիվանագետների, գործարարների, գիտակրթական եւ միջազգային այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր գիտելիքները, փորձն ու կապերը մշտապես ծառայեցնում է և շարունակելու է ծառայեցնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին»:

Նկատենք, որ ՀՀ նախագահին այդ օրերին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ նախագահի այցը սպասարկել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Araratnews.am-ը ուսումնասիրեց ՀՀ Կառավարության պաշտոնական կայքն ու չգտավ գեթ մեկ հանձնարարական, ըստ որի Կառավարությունը ԱԳՆ-ին հանձնարարել է սպասարկել նախագահի այցը Գերմանիա: Փաստացի ստացվում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ամբողջ ԱԳ նախարարությունը Արմեն Սարգսյանին այդ օրերին սպասարկել են առանց Կառավարության հանձնարարության:

Նշենք, որ ըստ նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահը սահմանադրական որեւէ սահմանափակում չունի՝ մասնակցելու միջազգային համաժողովների, ինչպես նաեւ հանդիպումներ ունենալու օտարերկրյա ղեկավարների, դիվանագետների, գործարարների, գիտակրթական եւ միջազգային այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ: Բանն այն է, որ Սահմանադրությունը հստակ սահմանումներ ունի, թե ինչ իրավասություններ ունի նախագահը: Իհարկե, սահմանադրությամբ նման սահմանափակում չկա, սակայն իրականությունն այն է, որ պետական պաշտոնյաներն իրավունք ունեն անելու գործողություններ, որոնց լիազորություններն սահմանված են օրենսդրությամբ:

Առաջիկայում մենք կներկայացնենք ՀՀ ԱԳ նախարարության պարզաբանումները, թե ինչ լիազորությամբ են ուղեկցել ՀՀ նախագահին և սպասարկել նրա աշխատանքային այցը Գերմանիա:

Հարություն Մկրտչյան