«Մինչ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացները, դրանց շրջանակներում հանդիպումներն ու քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների միջև, ինչպես նաեւ Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղի անկախությունը ճանաչելն իմ կարծիքով ճիշտ չէ», — Araratnews.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետն, այնուամենայնիվ, կարծում է՝ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, որն ունի ակնհայտ դրական կողմեր:
«Կուժեղացնի ճանաչման պրոցեսը: Այսօր շատ երկրներ ասում են՝ դեռ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, ինչո՞ւ եք մեզ դիմում այդ հարցով:
Եթե հայտնվի մեկ անկախ երկիր, խոսքը Հայաստանի մասին է, որը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա դա խթան կհանդիսանա մյուսների համար»,- ասաց քաղաքագետն՝ ընգծելով, որ հաջորդ դրական կետն էլ այն է, որ անկախության ճանաչման դեպքում տվյալ երկրի հետ հնարավոր կլինի լեգիտիմ պայմանագրեր ստորագրել, այդ թվում՝ ռազմական աջակցության:
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը խոսեց ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով. «Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Եթե, այնուամենայնիվ, Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քաղաքագետի խոսքով, առաջին փուլում դա կարող է շատերին դուր չգալ:
«Նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք մեր նկատմամբ շատ լավ են տրամադրված, կարող է ինչ-որ չափով նեղանան, մենք էլ քննադատությունների արժանանանք, բայց դա կհարթվի հենց Ադրբեջանի սխալի պատճառով. ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան իրենց ներսում գիտեն՝ ով է սկսել պատերազմը (խոսքն Ադրբեջանի մասին է –հեղ.)»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը գտնվում է խոցելի վիճակում:
Բացի դա՝ ճանաչման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, Ստեփան Գրիգորյանի խոսքով, կդառնա անիմաստ. «Անգամ եթե պահպանվի նույն ձևաչափը, ոչ թե կլինի Ղարաբաղի հարցի լուծման խնդիր, այլեւ ուղղակի կլինեն կոնսուլտացիաներ անկախությունից հետո Ղարաբաղի հետ նոր հարաբերությունների ձևավորման նպատակով»:
Հիշեցնենք՝ երեկ ժամը 12:00-ից կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է: