Չնայած նրան, որ հակառակորդն այսօր «Գրադ» տեսակի հրթիռահրետանային կայանքից գնդակոծության է ենթարկել ԼՂՀ Մարտակերտ քաղաքը, տեղի բնակչությունը չի տարհանվել: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ հայտարարեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
«Անմիջապես ահազանգն ստանալուց հետո մեր պատգամավորների, մեր ընկերների հետ ժամանել ենք Մարտակերտ, այս ամբողջ գործընթացին մեր անմիջական մասնակցությունն ենք ցուցաբերել: Մարտակերտի բնակչությունը ռմբակոծությունների ժամանակ գտնվում է ապաստարաններում: Տարհանում չի եղել Մարտակերտից: Տարհանվել է Մատաղիս գյուղի բնակչությունը առանց զոհի: Ժողովրդի մարտական ոգին բարձր է, բանակն իր բարձունքի վրա է, եւ բոլոր աշխատանքները կատարում են արժանվույն, եւ կարծում եմ, որ մեր ժողովրդի ոգին անպարտելի է եւ մենք պատրաստակամորեն շարունակելու ենք մեր այս պաշտպանական աշխատանքը մեր ոգով»,- իր խոսքում նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այսօր իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 (“Գրադ”) հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով: