Օրերս խմբով գնացել էինք Շաքիի ջրվեժ։ Դեպի ջրվեժ տանող արահետի սկզբնամասում նկատեցինք զինվորական մի քանի մեքենաներ, շարժվեցինք առաջ եւ ականատեսը եղանք, թե ինչպես են նվագախմբի քայլերթի հնչյունների ներքո կիզիչ արեւի տակ զինվորները բահ ու քլունգով քանդելով լեռան լանջը՝ լայնացնում դեպի ջրվեժ տանող ճանապարհը՝ քանդված հողային զանգվածը լցնելով Շաքիի վտակը։ Մի պահ տպավորություն ունեինք, թե գտնվում ենք դիրքերում, որտեղ զինվորները խրամատ են փորում։
Տեսնելով զինվորների քրտնած, փոշեթաթախ դեմքերը` հարց էր առաջանում. արդյոք ավելի կարեւոր զբաղմունք չունե՞ին մեր զինվորները, որ որպես ձրի աշխատուժ բերել եւ աշխատեցնում էին այդ տեղանքում։
Ի դեպ, տեղանքի մասին։ Մեր խմբում էր նաեւ աշխարհագրագետ-բնապահպան Մերի Սարգսյանը։ Դիտելով քանդված լանջի քարերը, որոնք հիմնականում կրաքար եւ փխրուն կառուցվածքով նստվածքային ծագման քարեր էին, Մերին մտավախություն հայտնեց, որ այս լանջը քանդելով` այդ տարածքները դառնում են սողանքավտանգ:
«Եթե առատ տեղումներ՝ ձյուն, անձրև լինեն, արտաքին հողային շերտը կլվացվի, կտարվի, որովհետև մոտավորապես 7-8 աստիճան թեքությամբ լանջեր են, իսկ եթե քանդեն այդ լանջերը մոտավորապես 2-3 մետր լայնությամբ, և եթե այսպիսի փխրուն ապարներ լինեն, մյուս տարի ամռանն այնտեղ լվացված լանջ կունենանք։
Իսկ հողը գետը լցնելը կարող է սելավի վտանգ առաջացնել գետի ստորին հոսանքներում: Եթե մենք հիմա այստեղ խցանում ենք առաջացնում, կարող է կուտակվել տեղատարումային կոշտ նյութ, և հետագայում, երբ առատ տեղումներ լինեն, գետի ստորին հոսանքներում, հնարավոր է` ավերածություններ առաջացնել»:
Մեր հարցին, թե ում թույլտվությամբ են «վերաձեւում» բնության հուշարձանը՝ պատասխանեցին, որ դա Սիսիանի զորամասի գումարտակներից մեկի հրամանատարի հրամանն է։ Վերջինիս ցանկությունն է, որ ընտանիքներով գալիս մարդիկ արահետով անցնեն ոչ թե մեկ-մեկ, այլ հայրիկն ու մայրիկը՝ երեխաների ձեռքից բռնած։
Կարինե Ավետիսյան