ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին չգնալու ԲՀԿ-ի պահանջին և նշեց, որ ժամկետները մոտենում են, կլինի հանրային քննարկում և վերջնական ամփոփում:
Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Գնդակի հետ կապված, ինչ է, ուզում եք ձեր դաշտում լինի՞: Գնդակը, բնականաբար, ցանկացած երկրում իշխանության դաշտում է լինում, և իշխանությունը գնդակը խաղարկում է և կայացնում որոշումներ ի նպաստ երկրի և պետության»։
Անդրադառնալով կարծիքին, թե ԱԺ նախագահն ինքը չի գրում իր տեքստերը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարող է առանց պատրաստի տեքստի էլ ժամերով քննարկումներ կազմակերպել, որոնցում ոչ մի հակասություն գտնել հնարավոր չի լինի:
Լրագրողներից մեկի հարցին, թե երեկվա համաժողովից ինքն ի՞նչ հասկացավ, ԲՀԿ-ն իշխանափոխություն կանի՞, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը, և ԲՀԿ-ի մարտավարությունն է՝ պատրաստվել 2017-ի ընտրություններին: