Այլընտրնաքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ։ Այն իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
Օրենքը սահմանում է այլընտրանքային ծառայության երկու տեսակ՝ այլընտրանքային զինվորական ծառայություն, որը կապված չէ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու հետ և այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որն իրականացվում է ՀՀ զինված ուժերից դուրս:
Araratnews.am-ի հետ զրույցում հանրային պաշտպան Մերի Ալավերդյանն, անդրադառնալով այլընտրանքային ծառայության մասին օրենքին, պարզաբանեց.«Այլընտրանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են զինվորական ծառայություն անցնելը, զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը: Նաև հավելեմ, որ Հայաստանի Հանրապետության պարտադիր զինվորական ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել ծառայության այդ տեսակը»:
Այլընտրանքային ծառայության անցնողն ինքը չի ընտրում իր ծառայության տեսակը և չի կարող ցանկություն հայտնել այլընտրանքային ծառայության անցկացման վայրի հետ կապված.«Այստեղ կարգավորումները հստակ են, և օրենքը մասնավորապես սահմանել է՝ 36 ամիս ժամկետ այլընտրանքային զինվորական ծառայության և 42 ամիս այլընտրանքային աշխատանքային ծառայության համար»:
Իսկ թե ինչպե՞ս է կատարվում այլընտրանքային ծառայությանն անցնելու կարգը՝ Մերի Ալավերդյանը նշեց.«Օրնեսդիրը սահմանել է զորակոչի կարգը, այլընտրանքային ծառայության և դրա կազմակերպման կարգը, որը լինում է տեղական զորակոչային հանձնաժողովին համապատասխան դիմում ներկայացնելով: Դրա համար օրենքը սահմանել է հստակ ժամկետներ՝ դիմումը ներկայացնելու վերաբերյալ, որպեսզի քաղաքացին իր ցանկացած պահին ուղղակի չներկայանա և ցանկություն հայտնի այլընտրանքային ծառայության անցնել»:
Հանրային պաշտպանի փոխանցմամբ՝ տեղական զորակոչային հանձնաժողովին դիմելուց հետո այդ դիմումը պարտադիր քննարկվում է և համապատասխան որոշում է կայացվում հանրապետական հանձնաժողովի կողմից.«Հնարավոր են դեպքեր, երբ այլընտրանքային ծառայության մասին դիմումը մերժվի հանրապետական հանձնաժողովի որոշմամբ: Դրանք այն դեպքերում են, երբ դիմում ներկայացրած քաղաքացին անհարգելի պատճառով չի ներկայանում հանրապետական հանձնաժողովի նիստին, կամ երբ դիմումում կեղծ տեղեկություններ են ներկայացված»:
Հանրային պաշտպանը նաև նշեց, որ այլընտրանքային ծառայության մեջ գտնվող քաղաքացիները հնարավորություն ունեն անցնել պարտադիր զինվորական ծառայության.«Այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դրա համար դիմումը հնարավոր է ներկայացնել այլընտրանքային ծառայությունից վեց ամիս հետո, սակայն այդ ժամկետը նույնիսկ փոփոխելու դեպքում՝ պարտադիր զինծառայության ընդհանուր ժամկետի՝ երկու տարվա մեջ այդ վեց ամիսը չի հաշվարկվում»:
Այլընտրանքային ծառայության անցած քաղաքացու աշխատանքի բնույթը որոշում է այն կազմակերպության ղեկավարը, որտեղ իրականացվելու է այդ ծառայությունը.«Ծառայողն ուղղակի ընդգրկվում է տվյալ կազմակերպության հաստիքացուցակում, որոշվում է նրա աշխատանքի կարգը, պայմանները, տեսակները, և այլընտրանքային ծառայողը չէ, որ պետք է ընտրի, թե որտեղ կցանկանա ծառայել»:
Հավելենք, որ համաձայն ՀՀ օրենքի՝ այլընտրանքային ծառայության անցնողները հետագայում աշխատանքի ընտրության հետ կապված որոշակի սահմանափակումներ կունենան.«Այլընտրանքային ծառայողը հետագայում չի կարող նշանակվել այնպիսի պաշտոններում, որոնք առհասարակ զենք կրելու, պահելու, օգտագործելու և այլնի հետ կապ ունեն»:
Հանրային պաշտպանն ասաց նաեւ, որ իր գործունեության ընթացքում շատերն են դիմել այլընտրանքային ծառայության մասին խորհրդատվության համար.«Դիմողները հիմնականում նրանք են, որոնց համար կրոնական դիրքորոշումներից ելնելով՝ հարիր չէ բանակում ծառայելը, արգելված է զենք կրելը, մարտական հերթապահություն իրականացնելը»: