Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի թատրոնները անակնկալներ են մատուցելու բոլոր փոքրիներին՝ նրանց ներկայացնելով բեմադրություններ, որոնք պատմում են Ամանորին կատարվող հրաշքների մասին:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 18-30-ը և հունվարի 3-7-ը կներկայացվի «Բևեռային ճեպընթաց»բեմադրությունը, որի հիմքում ամերիկացի գրող Քրիս Վան Օլսբուրգի համանուն հեքիաթն է: Սա պատմություն այն մասին, որ պետք է միշտ հավատալ հրաշքներին, և դրանք կիրականանան: Ներկայացումը տարբեր արկածներով լի ճամփորդություն է հսկա բևեռային ճեպընթացով դեպի Ձմեռ պապիկի թագավորություն: Բեմադրությունը հարուստ է լուսային և անիմացիոն էֆեկտներով, ինչը ևս կարևոր է փոքրիկ հանդիսատեսին հեքիաթ տեղափոխելու համար:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 28-ին և երեխաները, և մեծահասակները կարող են դիտել Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա բեմադրված «Սառցե սիրտը» պայծառ, լուսավոր ու զարմանահրաշ ներկայացումը: Բեմադրությունը հագեցած է Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Օգտագործվել են Մայր թատրոնի նորոգված բեմերի բոլոր հնարավորությունները:
Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 27-30-ը երեխաները կարող են դիտել «Գեղեցկուհին ու հրեշը» գունավոր և վառ մյուզիքլը, որի հերոսներն անչափ բարի են, գեղեցիկ, երազկոտ։ Նրանք հրաշալի երգում, պարում են` պատմելով, թերևս, ամենառոմանտիկ պատմությունը գեղեցկուհու և հրեշի մասին: Բեմադրությունը հագեցած է անսպասելի, հետաքրքիր, շրջադարձային իրադարձություններով։ Այստեղ իրականություն են դառնում անհավատալին, անհավանականը, հաճախ նաև անհնարինը։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում. միայն թե չընկնի կախարդական վարդի վերջին թերթիկը:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
հունվարի 3-ին կներկայացվի «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ամանորյա տոնական ներկայացումը: Այն պատմություն է շան և կատվի միջև ծագած վեճի, նրանց հաշտության և տոնական հրաշքի մասին:
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում դեկտեմբերի 20-ին փոքրիկները հնարավորություն կունենան դիտել «Հրաշք որոնելիս» բարի ներկայացումը: Հեքիաթի հերոսները կրկեսի դերասաններն են, որոնց տնօրենը հեռացնում է աշխատանքից հենց այն ժամանակ, երբ նրանք ամանորյա նոր ներկայացում են պատրաստում:
Տնօրենն ասում է, որ այսուհետև իրենց փոխարեն կրկեսում պետք է ելույթ ունենան ռոբոտներն ու այլմոլորակայինները, որոնք երեխաներին պետք է սովորեցնեն ջարդել-փշրել իրենց նոր խաղալիքները: Դերասանները շատ են
տխրում, բայց, ուրիշ ելք չունենալով, սկսում են հավաքել իրենց իրերը, որպեսզի հեռանան կրկեսից: Եվ հենց այդ ժամանակ հայտնվում է մի փոքրիկ տղա, ով ամբողջ սրտով հավատում է հրաշքների գոյությանն ու փոխում է իրադարձությունների ընթացքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում