Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2018թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ հնչող կարծիքներին և քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ:
«Ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ական թվականներից, որի քաղաքական կյանքը որպես լրագրող շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին իմ աչքերի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն, և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը շեշտեց, որ հարկավոր է չշտապել՝ հիշելով Լենա Նազարյանի հայտնի խոսքը․ «Այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»: Այսինքն՝ շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»։