«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Ֆեյենորդի» դեմ խաղում իր թիմն արժանի չէր պարտության, գրում է armtimes.com-ը:
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում կարմիր սատանաները մրցակցի հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով: Հոլանդական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Տոնի Տրինիդադե դե Վիլենան: Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պորտուգալացի մասնագետը նշել է, որ գոլը խփվել է խաղից դուրս վիճակից:
«Իհարկե, ես տխուր եմ: Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք միշտ վերահսկում էինք իրավիճակը: Մենք փորձում էինք հաղթել, իսկ նրանք փորձում էին չպարտվել: Զգում էինք, որ նրանք ֆիզիկապես թուլացել են, նրանք խնդիրներ ունեին, եւ հենց այդ ժամանակ մենք տանուլ տվեցինք խաղը: Սա կրկնակի անհաջողություն էր, քանի որ գոլը խփվեց ակնհայտ խաղից դուրս վիճակից», — Ժոզե Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում The Sky Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ՝ 4-րդ, տուրում տեղի ունեցած մանչեստերյան դերբիում, որում մանկունյանցիները պարտվեցին 1:2 հաշվով, Մոուրինյոյին զայրացրել էր որոշ ֆուտբոլիստների խաղը, եւ այս հանդիպման համար նա թիմի հիմնական կազմում մի շարք փոփոխություններ էր կատարել: Արդյունքի առումով փոփոխություններն օգտակար չեղան, սակայն նա չի շտապել գնահատական տալ խաղացողների գործողություններին:
«Ես չեմ ցանկանում անձնավորել: Որոշ ֆուտբոլիստներ այս մրցաշրջանում իրենց առաջին րոպեներն էին անցկացնում: Որոշ ֆուտբոլիստներ ակնհայտորեն ավելի լավ էին խաղում, քան մյուսները, սակայն դեռ պետք է հասկանամ, քանի որ այս տղաները մյուսների նման ամեն շաբաթ չեն խաղացել», — ասել է նա:
Հայաստանի հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց խաղին: Նա այն խաղացողներից էր, որոնք դերբիի ընթացքում զայրացրել էին Մոուրինյոյին: Նրա որոշմաբ՝ կիսապաշտպանը չպետք է մեկներ Հոլանդիա՝ խաղին մասնակցելու: Ավելի ուշ նաեւ տեղեկություններ տարածվեցին, որ Մխիթարյանը վնասվածք ունի: