տուն Լուրեր Իմ օրը նման է խելագար վազքի մարաթոնի. Թե ինչու է լրագրող Հռիփսիմեն...

Իմ օրը նման է խելագար վազքի մարաթոնի. Թե ինչու է լրագրող Հռիփսիմեն երեխաներին տանում հանրահավաքի

87
0

Hripsie1

 

Այսօր մարտի ութն է. Կանանց միջազգային տոնը: Վաղ առավոտից օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղվում: Բոլորն անխթիր, պետական պաշտոնյա, թե հասարակական ու քաղաքական գործիչ, շնորհավորում են  հայ կանանց, մայրերին ու քույրերին գարնանային տոների առթիվ:  Այս ամենը ընթերցողին է հասնում մամուլի միջոցով: Լրագրողներն աշխատում են, կլինի օրը տոնական, թե ոչ:
Ինչպե՞ս համատեղել ընտանեկան կյանքը եւ լրագրողի մասնագիտությունը: Ի՞նչ դժվարությունների է հանդիպել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը: Առավոտի մեր գործընկերը, բացի այն որ իր է աշխատանքում պրոֆեսիոնալ է, նաեւ երկու երեխաների մայր է:

Հռիփսիմեին հաճախ կարելի է տեսնել ամենաթեժ իրադարձությունների վայրում: Նրան երեխաների հետ   կարելի է տեսնել օրինակ  բողոքի ակցիաներ, հանրահավաքներ լուսաբանելիս: Փոքրիկ Գոռն ու Էդգարը Հռիփսիմեի տղաներն են: Գոռի մասին նրա գործընկերները շատ են լսել: Հռիփսիմեն հաճախ է կիսվում Գոռի չարաճճիություններում ֆեյսբուքյան իր էջում:

Մասնագիտությամբ լրագրող, շարքի հերթական զրուցակիցը մեր գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանն է: Բնավորությամբ աշխույժ, ընկերասեր: Հռիփսիմեն խոստովանում է իր օրը նման է խելագար վազքի մարաթոնի:  

Հռիփսեիմե լինել եւ ակտիվ լրագրող, եւ միեւնույն ժամանակ եւ մայր եւ կին: Սովորաբար ինչ դժավարություններ են լինում, որոնք հաղթահարում ես:

Իմ օրը նման է խելագար վազքի մարաթոնի, բայց ասել, որ շա՜տ մեծ դժվարությունների միջով եմ անցնում՝ չեմ ուզում, որովհետեւ ինչ անում եմ՝ սիրով եմ անում, իմ կամքով եմ անում: Ես արդեն սովորել եմ հաշված րոպեների ընթացքում ճաշ պատրաստել, տունը կարգի բերել, երեխաների դասերը սովորեցնել, անպայման ժամանակ գտնել նրանց տանել տիկնիկային թատրոն, զբոսանքի: Դժվարը այդ ամենը 24 ժամվա մեջ տեղավորելն է:

Դժվար է, բայց Հռիփսիմեն խոստավանում է , դրանք սիրով հաղթահարում է: Եթե ընտրել ես լրագրողի մասնագիտությունն, ապա ընտանիքդ պետք է հարգի որոշումդ, ասում է մեր գործընկերը:

Կհիշեք իրավիճակ, երբ ստիպված եք եղել միայնակ թողնել երեխաներին, որպեսզի մեկնեք իրադարձության վայր:

Իմ երեխաներին միայնակ թողնելու միտքը շատ կրեատիվ է, որովհետեւ իմ ծանոթները, ընկերները գիտեն, թե իմ չարաճճիներին անգամ մեկի մոտ թողնելու դեպքում քանի շտապօգնության մեքենա կարող է գալ այդ մարդու մոտ: Բայց պատահել է, որ մի քանի ամսական բալիկիս սայլակով շտապ տարել եմ խմբագրություն, ասել եմ՝ մեկդ նայեք ու արագ գնացել եմ նյութի, պատահել է՝ ինձ հետ ասուլիսների եմ տարել ու ամբողջ ասուլիսի ժամանակ չխկչխկան խաղալիքներով մի կերպ զբաղեցրել, որ չխանգարի: Գոռիս 3-4 տարեկանից սկսած՝ հանրահավաքների եմ տարել, բողոքի ակցիաների, արդեն բոլորին անգիր գիտի, Սասուն պապիի ընկերն է: Մի անգամ նախագահականի մոտ ընդհարումներ եղան, ես երեխայիս հետ էի, նրան Հրեշտակների գումարտակի ոստիկանների մոտ եմ թողել ու խնդրել, որ բռնեն, չթողնեն մոտենա, մինչեւ նկարահանեմ, նյութս փողոցից գրեմ:

Չնայած այս ամենին Հռիփսիմեն հպարտ է: Երկու ապագա զինվորի մայր է: Գոռն ու Էդգարը մայրիկին շատ  են սիրում: Հաճախ կարելի է Հռիփսիմեյի ֆեյսբուքյան էջում տեսնել Գոռի նամակները, որոնք մայրը խնամքով պահում է:

Բացի այն որ լուսաբանում ենք հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ձեզ հաճախ կարելի է տեսնել նաեւ դատական նիստերում եւ բողոքի ակցիաներում: Արդյո՞ք ամուսնացած լինելը խանգարում է լիրաժեք աշխատել մասնագիտությամբ:

Ամուսնացած լինելը չի խանգարում նվիրվել այս մասնագիտությանը եւ բարեխիղճ աշխատել, շատ կարեւոր է, որ ընտանիքդ աջակցի քեզ: Լրագրողի աշխատանքը սթրեսային է, իրադարձություններով լի ու պահանջում է ինքնամոռաց նվիրում: Երբ ամուսինս հարցնում է՝ երբ ես տուն գալու, ես միայն ասում եմ, թե ինչ նյութի եմ այդ օրը՝ դատի, ասուլիսի, ԱԺ նիստի, հանրահավաքի: Նա արդեն գիտի, որ ժամ ասելն իրեն չի արդարացնում: Բաղրամյանի դեպքերի ժամանակ ասում էի՝ 1-2 ժամով եմ գնում, մինչեւ գիշերվա 1-2-ը մնում էի, որովհետեւ լարված իրավիճակ էր: Լինում են դեպքեր, որ երեխաներիդ առջեւ պատասխանատվությունը թույլ չի տալիս, որ անես այն, ինչ կարող ես ու ուզում ես: Օրինակ, ընտրությունների ժամանակ ես աշխատում եմ վաղ առավոտից մինչեւ  քվեարկության արդյունքների ամփոփումը: Եթե երեխաներս առանց ինձ քնեին, ես այդ օրը ընտրատեղամասերից տուն չէի գնա՝ փորձելով կանխել հնարավոր բոլոր խախտումները:

Հռիփսիմեի փոքրիկ տղան՝ Էդգարը մայրիկին դեռ նվերներ չի հանձնել, իսկ Գոռը հատուկ առիթների չի սպասում:

Hripsime2

 

Որն է եղել ձեր ամենասիելի նվերը, որը ստացել եք ձեր որդիներից:

Էդգարս դեռ 2 տարեկան է, ու բացի իր քաղցր պաչիկներից, իր անսահման սիրուց, ուրիշ ոչինչ նվիրել չի կարող: Իսկ Գոռիս նվերներն էնքան հուզիչ են…Իմ ծնունդից առաջ, Մարտի 8-ից դեռ 1 շաբաթ առաջ Գոռը սկսում է շնորհավորական նամակներ գրել ու սեր բացատրել, թե ինչքան թանկ եմ իր համար: Էլ սրտիկներ, ներողություններ, որ իրեն այսինչ օրը վատ է պահել, էլ խոստումներ, որ ռուսերենից 10 է ստանալու ինձ համար, որ սիրուն ձեռագրով է տնային աշխատանքը գրելու… Ես կարդում ու հալվում եմ, խնամքով պահում եմ բարձիս տակ:

Մայրության եւ գեղեցկության տոնին ինչ նվեր կցանկանայիք ստանալ:

Ծաղիկներ, հանգստյան տան ուղեգիր, սպա կենտրոնի քարտ…այդ ամենը շատ ցանկալի են, իհարկե, բայց կուզենայի ստանալ այնպիսի նվեր, որն ինձ համար անսպասելի կլինի, սիրում եմ  անակնկալներ: Շատ կարեւոր է ոչ այնքան նվերը, որքան դրա մատուցումը: Մի հասարակ փուչիկը, կամ ծաղկի փոխարեն մեկ կապ կանաչին նույնիսկ կարող է շատ ավելի թանկ լինել, քան հազարավոր թանկարժեք նվերները:

Ինչ կմաղթեք մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, նաեւ այն լրագրողուհիներին, ովքեր դեռեւս չեն կայացրել իրենց կյանքի «ճակատագրական» որոշումը:

Իմ գործընկերներին մաղթում եմ, որ երջանիկ կին լինեն, գնահատված մայր ու բարեխիղճ լրագրող: Ինչ անում են՝ անեն սիրով եւ ամուսնանան միայն սիրո համար: Որքան էլ կարեւոր լինի կնոջ դերը աշխատանքում, հասարակական կյանքում, մայր դառնալը կնոջ գլխավոր ֆունկցիան է, մի զրկեք ձեզ այդ հաճույքից: Երեխաները տան արեւներն են, նրանց մի համբույրը հազար հիվանդություն է բուժում, հազար սթրես է հանում:

Փայլակ Ֆահրադյան