ԱԺ-ում շարունակվում են Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին քննարկումները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ, մեղմ ասած, ոգևորված չէ Հանրային հեռուստաընկերության ծրագրերով: Իր ելույթն ուղղելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ պատգամավորը նշեց.
«Դուք երեկ ինձ ասում եք, որ ես ուշադիր չեմ հետևում հաղորդումներին, իսկ ես հայտնի եմ որպես ուշադիր անձնավորություն, իմ ելույթներն էլ չափազնաց կոռեկտ են և զերծ անձնական վիրավորանքից: Ամեն դեպքում, երեկ գնացի և ընդգծված ուշադրությամբ սկսեցի հետևել Հանրային հեռուսաընկերության լրատվական ծրագրին և չակերտավոր «փառք ու պատիվ» այն պատրաստողներին: Ես երեկ հարցնում էի, թե ինչո՞ւ չեն լուսաբանվում ԱԺ այն պատգամավորները, որոնք չորրորդ տարին է պետական գործունեություն են իրականացնում: Բայց իմ այդ դիտարկումը ևս չլուսաբանվեց, գոնե դա ցույց տայիք:
Ես գիտեմ, որ Դուք ավելի ստեղծագործող մարդ եք և Ձեզ այս քաղաքական թեմաներն ու քաղաքական լրատվությունն այդքան էլ չի հետաքրքրում: Հիմա իշխանություններին եմ դիմում, որովհետև հենց դրա սեղմած կոճակի հիման վրա է աշխատում Հանրային հեռուստառադիոընկերությունը, մինչդեռ ֆինանսավորվում է հանրության կողմից: Բայց սա չի հուզում Հանրայինին, ուստի այն կամ ինչ-որ բանից վախենում է կամ էլ անտաղանդ է»,- նշեց Ուրիխանյանը:
Պատգամավորին ամենից շատ զայրացրել է այն հանագամանքը, որ Հանրայինը չի լուսաբանել նոր քաղաքական ուժի ձևավորման փաստը: Խոսքը «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության մասին է, որի նախագահը պատգամավորն է:
«Դուք ինֆորմացիոն բլոկադա եք ստեղծել, որը հատուկ էր 90-ականներին: Յաչենկոն ասում էր «Прелесть телевизора заключается в том, что можно заткнуть любого политика, даже президента», ցավալի է, որ մինչև հիմա այս ոճով եք աշխատում: Ի՞նչ է չգիտեք, որ այսօր կա համացանք, իմ այս ելույթը էլի չեք ցուցադրի, կփակեք, բայց մ՞իթե չգիտեք, որ Youtube-ով այն մի քանի տասնյակ մարդ է դիտելու, ուրեմն այսպես աշխատելու իմաստը ո՞րն է»,-հարցրեց Ուրիխանյանը:
Անդրադառալով Հանրային հեռուստաընկերության մնացած հաղորդումներինˋ պատգամավորը ցիտեց Վուդի Ալենի հետևյալ խոսքըˋ «Լոս Անջելեսում գործարանները վաղուց արդեն աղբ չեն մշակում. դրանով զբաղվում են հեռուստաընկերությունները»: