«Եվրատեսիլ» երգի մրցույթում ռուսական ազգային ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան հեռացվել է ժյուրիի կազմից: Պատճառը ժյուրիի քվեարկության պահը նրա կողմից տեսանկարահանելն ու տեսանյութը Periscope սոցիալական ցանցում տարածելն է, հայտնում է Ռիա Նովոստին:
«Եվրատեսիլի» կազմակերպիչները տեղի ունեցածը համարել են ժյուրիի քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում, ինչի հիման վրա էլ Անաստասիային հեռացրել են ժյուրիի կազմից: Վերջինս հայտարարել է, որ տեսանյութը հեռարձակելով նպատակ չի ունեցել բացահայտել ժյուրիի քվեարկությունը, այլ պարզապես իր տպավորություններն է կիսել երկրպագուների հետ:
«Մեզ ասել են՝ չհրապարակել արդյունքները, ինչը ես, փաստացի, չեմ արել: Ես տեսանյութ եմ նկարել ու այն տեղադրել իմ բլոգում՝ առանց հետին մտքի»,- պատմել է Ստոցկայան` ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար:
Ռուս հայտնի երգչուհին տեսանյութը հեռարձակելիս մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները: Հոլանդացի երգիչ Դաուե Բոբի ելույթը նա «լավիկն» է որակել, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ելույթի ժամանակ Անաստասիան ասել է. «Իմ ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ»: