Դերասանուհի Զառա Արամյանը չի հրաժարվի իրեն հատկացված բնակարանից: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ինքը` Զառա Արամյանը: «Ի՞սկ դուք կհրաժարվեի՞ք, եթե ունենայիք այդ խնդիրը»-, հարցադրում արեց Զ.Արամյանը:Զառա Արամյանի խոսքով, ինքն առայժմ կսպասի որոշմանը, որից հետո նա կմեկնաբանի:
«Իհարկե հաճելիորեն զարմացա, չեմ թաքցնի ուրախությունս, որովհետեւ բավականին երկար տարիներ առաջ էի դիմել այդ հարցով, որովհետեւ շատ լուրջ խնդիր ունեմ բնակարանի հետ կապված: Բայց գիտեմ, որ նիստը դեռ տեղի չի ունեցել»,- ասաց Զ.Արամյանը:
Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 8-ին արտահերթ նիստ է գումարելու: Նիստի ժամանակ կքննարկվի մի քանի քաղաքացիների բնակարան նվիրելու հարցը: Մասնավորապես` բնակարան կնվիրեն հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: