ԱԺ-ում այսօր` մարտի 23-ին, քննարկվող հարցերից առաջինը ներկայացվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ վեց խմբակցությունների, ինչպես նաև անկախ պատգամավորների կողմից մշակված ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը` «1915-1923թթ-ներին հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող»:
Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նախագծի մշակմանը մասնակցել են պատմաբաններ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչներ և այլ անձիք:
Հիմնական զեկուցողին հարցերով դիմեցին ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը` փորձելով հասկանալ, թե ինչն է խանգարում Իրաքում եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանության հարցը ևս ներառել այս նախագծում:
«Ոչ մի բան չի խանգարում, ուղղակի սա այլ փաստաթուղթ է, որին մեկ այլ փաստաթուղթ միացնելը կլիներ անգրագիտություն: Երկրորդ նման փաստաթուղթն էլ պետք է վերաբերի միայն եզդիական համայքի ցեղասպանությանը: Պետք է փաստեր լինեն, թող ներկայացնեն փաստեր, իսկ մենք կուսումնասիրենք. ավելի լավ է` ընդունենք ուշ, բայց հիմնավորված: Ապրիլ- մայիսին ԱԺ սրահում կլինի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն եզդիների ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ»,- ասաց Էդուրադ Շարմազանովն ու ավելացրեց, որ եզդի ժողովուրդն արժանի է, որ առանձին փաստաթուղթ ընդունվի:
Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանելով նշեց, որ ոչ մի իրավական խոչընդոտ չկա անդրադառնալու եզդիների ցեղասպանությանը, բայց եթե եզդի համայնքի հետ կա պայմանավորվածություն, և այդ մասով քայլեր են իրականացվելու, իրենք միայն ողջունում են. «Ուղղակի ցանկալի կլինի, որ սեղմ ժամկետներում անդրդառնանք այդ հարցին»: