տուն Լուրեր Ի՞նչ խնդիրներ ունեն փախստականները Եվրոպայում

Ի՞նչ խնդիրներ ունեն փախստականները Եվրոպայում

127
0

migrant,,

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին դեպի Եվրոպա փախուստի և միգրացիայի, ինչպես նաև պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու տարբերակների մասին:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում նշեց, որ Գերմանիա ժամանած փախստականների մեծ մասը սիրիացիներ են.«Անցած տրավա ընթացքում Գերմանիայում մենք ունեցել ենք 442 հազար ապաստանի հայց և դրանց մեծամասնությունը տրվել են Սիրիայից ժամանած փախստականներին՝ շուրջ 160 հազար մարդ: Սակայն  Գերմանիա ժամանածների ընդհանուր թվաքանակը շատ ավելի մեծ է՝ 1.1 մլն մարդ , որոնցից  440 հազարը՝ Սիրիայից: Այստեղ խոսքը գնում է այն  անձանց մասին, որոնց ապաստանի հայտերի մեծ մասը դեռևս չի քննարկվել և այսքանով հանդերձ այս թեման ոչ միայն զուտ գերմանական թեմա է, այլ նաև՝ համաեվրոպական»:

Բանախոսը նաև նշեց, որ այնուամենայնիվ՝ փախստականների թիվը պակասում է.«Կամ քայլ առ քայլ սահմանները փակվել են, կամ էլ դժվարացել է փախստականների անցման ճանապարհը: Այդ պատճառով էլ Գերմանիա ժամանած փախստականների թիվը զգալի պակաս է արձանագրվել.«Եթե մենք դեկտեմբերին ունեցել ենք 127 հազար փախստական, հունվարին արդեն այդ թիվը կազմել է 91 հազար, իսկ փետրվարին՝ 61 հազար»:

Ասուլիսի բանախոսներից «Կարիտաս» միության Վիեննայի գրասենյակի Missing Link բաժնի ղեկավար, քաղաքագետ, հրապարակախոս Մարի Կրոյցերը ներկայացրեց փախստականների իրավիճակը Ավստրիայում.«Մենք արդեն տարիներ շարունակ Ավստրիայում փախստականների ընդունման կենտրոնին կից ստեղծել ենք «Կարիտասի» առանձին բաժանմունք, որը զբաղված է ոչ միայն  փախստականների հետ կապված խնդիրները լուծելու առաքելությամբ, այլ նաև աշխատանք է տանում Ավստրիայի բնակչության շրջանում՝ տեղեկատվական աշխատանք իրականացնելու համար:

Կարիտասը արդեն հոգ է տանում 35 հազար փախստականի մասին, որոնք արդեն իսկ գտնվում են քաղաքական ապաստան հայցելու ընթացակարգի մեջ: Նրանցից բացի կա ևս 1000 մարդ, որոնց ապագան պարզ չէ, բայց մենք հոգ ենք տանում, որ նրանք քնելու տեղ և սնունդ ունենան»:

Մարի Կրոյցերի հավաստմամբ՝ խնդրահարույց է նաև  18 տարեկանից ցածր անչափահաս փախստականների խնդիրը, ովքեր առանց ուղեկցությամբ են գտնվում Ավստրիայում. նրանց թիվը 6000 է: