Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարվողների ցուցակը: Խորհրդարան անցած չորս քաղաքական ուժերից ԿԸՀ-ն ինքնաբացարկի դիմում ստացել էր երեք քաղաքական ուժից` ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից:
ՀՅԴ-ի դեպքում տրամաբանական էր: Ինքնաբացարկ են հայտնել երեք գործող նախարարները: Խոսքը Դավիթ Լոքյանի, Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի մասին է: Տեղեկություններ կան, որ երեքն էլ շարունակելու են իրենց պաշտոնավարումը գործադիր իշխանության կազմում:
ՀՀԿ-ի դեպքում ինքնաբացարկ հայտնողների շրջանակն ավելի լայն է: Այսպես, Տարոն Մարգարյան: Վերջինս Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու է: Մարգարյանը հրաժարվել է մանդատից, արդյոք սա խոսո՞ւմ է այն մասին, որ նա բավարար վստահություն ունի, որ ընտրվելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Երեւանցին ունի հիանալի հնարավորություն համապատասխան ձեւով իր վերաբերմունքն արտահայտելու ընտրությունների օրը:
Արփինե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, ինքնաբացարկ չի հայտնել: Սա նշանակում է, որ Հովհաննիսյանը կառավարության կազմում չի լինի: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Հովհաննիսյանը կնշանակվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում՝ փոխարինելով Հերմինե Նաղդալյանին:
Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ով պատգամավոր էր ընտրվել թիվ 2 ընտրատարածքից, եւս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Մամուլում դեռ օրեր առաջ շրջանառվող տեղեկությունների համաձայն` իշխանությունը որոշել է, որ խորհրդարան Սահակյանների ընտանիքից մեկը կանցնի: Որոշումը կայացված է հօգուտ հայր Սահակյանի:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ կշարունակի պաշտոնավարել մարզպետի պաշտոնում: Նրա անունը եւս ինքնաբացարկ ներկայացրածների ցուցակում է:
Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանը եւս ինքնաբացարկ է ներկայացրել: Մեր տեղեկությունների համաձայն` Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում:
Մանդատից հրաժարվողների ցուցակում է նաեւ Ֆլեշի Բարսեղի փեսան՝ Սամվել Սանամյանը: Araratnews.am-ը իր հրապարակումներից մեկում գրել էր, որ Սանամյանը վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդն» է եւ աշխատանքի կանցնի կառավարությունում:
Ինչ վերաբերում է Արտակ Զաքարյանին, ապա հայտնի է, որ նա կնշանակվի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին` նշենք, որ այստեղ ամենաշատն են ինքնաբացարկ հայտնել: Դաշինքի ներկայացուցիչներից մի քանիսը, սակայն, հայտարարել են, թե տեղյակ չեն, որ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին նախատեսված է ԿԸՀ նիստ, որի ընթացքում քննարկվելու են ինքնաբացարկի դիմումները:
Փայլակ Ֆահրադյան