Վիեննայում նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչ օրակարգ է ունենալու այդ հանդիպումը։
Վարչապետը պատասխանեց, որ այս ժամերին հստակեցվում է՝ այդ հանդիպումը լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստանան բոլոր կողմերի համաձայնությունը, և դրանից հետո կհայտնեն այդ մասին պաշտոնապես։
«Սկզբնական փուլում այդ հանդիպումները պետք է օրակարգ չունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ, ու քննարկվի այն, ինչ հետաքրքրում է կողմերին»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը կանխատեսում է, որ քննարկումները լինելու են նախկինում հնչած հայտարարությունների շուրջ․ «Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստից հետո հնչած հայտարարությունները այն օրակարգն են, որով մենք գնում ենք բանակցությունների, և, ըստ էության, դա այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային գործընթացում»։